Ագրարայինցիների այցը TadDin Chocolatier

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության տեխնոլոգիա» կրթական ծրագրի բակալավրիատի 3-րդ, 4-րդ, եւ հեռակա ուսուցման 5-րդ կուրսի, ինչպես նաեւ մագիստրատուրայի ուսանողները, դոցենտ Նարինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, օրերս հյուրընկալվել էին Հայաստանում շոկոլադագործության ամենայուրօրինակ ընկերություններից մեկում՝ TadDin Chocolatier-ում:

Ընկերությունն արտադրում է արհեստագործական շոկոլադ: Ինչպես հայտնի է արհեստագործական շոկոլադ արտադրվում է մի քանի երկրում: TadDin Chocolatier-ը Հայաստանում առաջին եւ միակ ընկերությունն է, որն արտադրում է արհեստագործական շոկոլադ հենց կակաոյի ունդից:

Ընկերության հիմնադիր-շոկոլադագործներ Մհեր Թադեւոսյանը եւ Դիանա Խոպշանոսովան շուրջ 4-ժամյա դասընթաց անցկացրեցին շոկոլադագործության՝ որպես մշակույթի, պատրաստման հմտությունների, կիրառվող տեխնոլոգիաների եւ ոլորտում սեփական փորձի վերաբերյալ: Ուսանողներին սպասում էր նաեւ անակնկալ՝ ամենաանհավանական համային հատկանիշներով եւ բնական հումքով պատրաստված շոկոլադների տասնյակից ավելի տեսականուց բաղկացած համտես:

Ուսանողներն իրենց գոհունակությունը եւ շնորհակալությունը հայտնեցին ընկերության հիմնադիրներին՝ նման կարեւոր, միաժամանակ՝ գեղեցիկ ու «համեղ» հնարավորության համար: Նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց գործակցել ոլորտի զարգացման եւ շոկոլադագործությունը որպես մշակույթ ձեւավորելու ուղղությամբ: