ՀԱԱՀ հրավերով համալսարանի դասախոսների եւ ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Ալաբամա նահանգում գտնվող Auburn համալսարանի թռչնաբուծության գիտության ամբիոնի դոցենտ, դոկտոր Ամիթ Մորեյը:
Ողջունելով ներկաներին, դոկտ. Մորեյը նշեց, որ հիացած է Ագրարայինում տեսած ժամանակակից ենթակառույցներով, ինչպես նաեւ «հազարամյակի կայուն զարգացման» վերաբերյալ ցուցանակներով: Նա դրանք հատկապես կարեւոր համարեց կլիմայի փոփոխություններով պայմանավորված վարելահողերի նվազման, դրա հետեւանքով անտառների զանգվածային ոչնչացման, մթնոլորտ գազային արտանետումների ավելացման եւ մոլորակի միլիոնավոր թերսնված եւ սովի մատնված բնակչության խնդիրների լուծման անհրաժեշտության տեսանկյունից:
Նա նախ հակիրճ ներկայացրեց իր գործունեությունը, ապա խոսեց թռչնաբուծության մասին, մատնանշելով առկա խնդիրներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ այս ոլորտում կարիերայի լայն հնարավորությունները:
Դոկտոր Մորեյը հանդիպումն անցկացրեց ոչ թե դասախոսության, այլ քննարկման ձեւաչափով: Նա սիրով պատասխանեց ներկաների մասնագիտական հարցերին:
Բոլոր առումներով հետաքրքիր հանդիպումից հետո աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը հյուրին ծանոթացրեց Ագրարայինի նոր ենթակառույցներին: Դոկտ. Մորեյը եղավ Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիայում եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության ուսումնական լաբորատորիայում:
Դոկտոր Ամիթ Մորեյը Վաշինգտոնի Պարենի եւ գյուղատնտեսության հետազոտությունների հիմնադրամի կողմից պարենի եւ գյուղատնտեսության ոլորտում նորարարի մրցանակ է ստացել՝ մատակարարման շղթայում սննդի թափոնների եւ սննդի կորստի նվազեցմանն ուղղված աշխատանքի համար:
Դոկտոր Ամիթ Մորեյը մշակել եւ վավերացրել է «ֆունկցիոնալ սառույց» կոչվող նորարարական սառույցը, որը նվազեցնում է մթերքի փչացումը՝ միեւնույն ժամանակ բարելավելով պահպանման ժամկետը, սննդի անվտանգությունն ու որակը պահեստավորման եւ տեղափոխման ժամանակ: Դոկտոր Մորեյը նաեւ նոր հայեցակարգ է մշակում, որը թույլ կտա կանխատեսել սննդամթերքի փչացումը: