Ամեն ինչ սկսվեց երկու տարի առաջ, երբ «Տանիք Վայք» ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվեցին: Համատեղ հետազոտական եւ կիրառական աշխատանքները արդյունավետ էին: Ուրեմն՝ նաեւ ընդլայնվելու համար լուրջ նախադրյալներով: Ապրիլի 25-ին Հողային եւ ջրային ռեսուրսների հետազոտական կենտրոնում պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի գլխավորությամբ ճարտարագետները հյուրընկալել էին հիշյալ ընկերության տնօրեն Արման Կարապետյանին եւ գործընկերներին, այդ թվում՝ նաեւ իրանական «Փօլիրան» ընկերության ճարտարագիտական բաժնի ղեկավար պարոն Մոհամադ Ղասեմիին, արտաքին առեւտրի կառավարիչ տիկին Նասրին Ռոստամյան ֆարին եւ վաճառքի մասնագետ, թարգմանիչ Նազելի Ղազարյանին:
Շուրջ կեսդարյա պատմություն ունի իրանական ընկերությունը, որը մասնագիտացած է ջրամատակարարման եւ կաթիլային ոռոգման ուղղությամբ: Այսօր ԻԻՀ շուկայի շուրջ 70 տոկոսն ապահովում է հենց Փօլիրան ընկերությունը: Սարքավորումները արտադրվում են գերմանական տեխնոլոգիայով: Ընկերության հիմնադիրը տասնամյակներ առաջ եւրոպական այդ երկրում կրթություն ստանալու տարիներին է կատարել այդ ճշգրիտ ու անվրեպ ընտրությունը:
Իրանցի մասնագետները տեսաֆիլմ էին պատրաստել, որն ակնառու, հստակ ու հակիրճ ներկայացնում էր ընկերության արտադրանքի լավագույն կողմերը, ընձեռած հնարավորությունները:
Բնականաբար, ճարտարագետներով համալրված լսարանում շատ էին հարցերը, որոնց սպառիչ պատասխաններ տրվեցին: Պարոն Մոհամադի հանգամանալից ներկայացման հիմնադրույթը ոռոգման եւ ջրահեռացման հուսալի, դյուրօգտագործելի, էժան, արդյունավետ եւ արեւադիմացկուն տեխնոլոգիաների առավելությունների թվարկումն էր, ինչպես նաեւ Տանիք Վայք ընկերության եւ Ագրարային համալսարանի հետ եռակողմ համագործակցության զարգացման պատրաստակամությունը։ Երիտասարդ մասնագետը շնորհակալություն հայտնեց հայաստանյան ընկերության ղեկավար Արման Կարապետյանին՝ թե հայաստանյան շուկա մուտք գործելուն նպաստելու եւ թե Ագրարային համալսարանի հետ կապերի ստեղծման համար։
Պարոն Կարապետյանը գոհունակությամբ արձագանքեց եռակողմ գործընկերության մեկնարկի առթիվ եւ վստահություն հայտնեց, որ միասնական թիմով լուրջ քայլեր կարվեն ոլորտի զարգացման ուղղությամբ։
Պրոֆեսոր Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ համալսարանի հետ գործակցության կարեւորությունը շեշտադրելու համար եւ հավաստիացրեց, որ համալսարանն ըստ ամենայնի կօժանդակի մշակված եւ մշակվելիք նախագծերի իրականացմանն իր կրթական, գիտահետազոտական եւ խորհրդատվական պատկառելի ներուժով։