Դեպի ԱԿԲԱ եւ հաջողություն տանող ճանապարհները

Ապրիլի 21-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հիշարժան հանդիպումը ԱԿԲԱ բանկի վաճառքների եւ ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանի, ԱԿԲԱ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանի, ֆեդերացիայի՝ գյուղական համայնքների հետ աշխատանքների պատասխանատու Գեղամ Ռոստոմյանի, տաղանդների ներգրավման թիմի առաջնորդ Անի Պողոսյանի եւ թիմի մասնագետ Մարինա Սուքիասյանի հետ։

Հյուրերի խոսքը հասցեական էր՝ ուղղված Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին, որոնք մասնագիտական կարիերայի մեկնարկի նախաշեմին են (ոմանց համար այն արդեն մեկնարկել է)։ Գլխավոր ուղերձը, որ ոլորտում ճանապարհ անցած մասնագետները ուզում էին հասցնել ապագա գործընկերներին, թերեւս ձեւակերպեց պարոն Նազարյանը․ «Թանկ գնահատեք ձեր ուսանողական կյանքի յուրաքանչյուր օրն ու ժամը, ձեր ժամանակը նվիրեք մշտապես սովորելուն»։

ԱԿԲԱ բանկը երկար, դժվարին եւ պատվավոր ուղի է անցել մինչեւ կայացել ու ճանաչվել է որպես հայաստանյան բանկային համակարգի առաջատար եւ ոչ միայն համակարգի, այլեւ երկրի բրենդ։ Գյուղատնտեսական վարկերից եւ գյուղտեխնիկայի լիզինգից բացի բանկն ակտիվորեն եւ հաջողությամբ իրականացնում է ոլորտի կրթական, վերապատրաստման, ինչպես նաեւ նորարարական լուծումների, գյուղատնտեսական ստարտափների աջակցության ծրագրեր։ Թե բանկը եւ թե ֆեդերացիան մշտապես կանգնած են ՀԱԱՀ-ի տեխնոլոգիական առաջընթացի աջակցության դիրքերում։ Օրինակները շատ են, բայց բավական է բերել նորարարական ջերմատան ֆարմբոտ ռոբոտային համակարգի եւ Գարեջրի եւ թորման լաբորատորիայի օրինակները։

Պակաս հետաքրքիր, դժվար ու պատվաբեր չի եղել հենց իրենց՝ մեր հյուրերի անցած ճանապարհը մասնագիտական կարիերայի աստիճաններով։ Պարոնայք Ռոստոմյանը եւ Պողոսյանն, ի դեպ, մեր համալսարանի շրջանավարտներ են եւ իրենց կուրսընկեր, ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ միասին՝ լավագույն օրինակ են Ագրարայինի այսօրվա ուսանողների, մասնավորապես գյուղտնտեսագետների համար։

Ներկայացվեցին նաեւ հաջողության մի քանի պատմություններ, որոնք գրանցել են բանկի շահառուները։ Մեր գաղափարակից ու հուսալի գործընկերներ ԱԿԲԱ բանկի եւ ԱԿԲԱ ֆեդերացիայի շնորհիվ այդպիսի հազարավոր պատմություններ են գրանցվել եւ շարունակելու են գրանցվել։ Այդպիսի պատմություններ վստահաբար կգրանցեն նաեւ այսօր լսարանում հավաքված ուսանողները, ոմանք՝ իրենց մասնագիտական ընթացքը կապելով ԱԿԲԱ համակարգի հետ։

Պրոռեկտոր Զաքոյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը շնորհակալություն հայտնեցին հյուրերին, որոնք ոչ շատ երկար, սակայն շատ թանկ ժամանակ հատկացրեցին ուսանողներին՝ ցույց տալով դեպի ԱԿԲԱ եւ հաջողություն տանող ճանապարհները։