Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ավստրիայի Բնական ռեսուրսների եւ կենսաբանական գիտությունների համալսարանի (BOKU) Ագրոնոմիական ֆակուլտետի պրոֆեսոր Ռեյնհարդ Նոյգշվանդտներին, որը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մեր համալսարան էր ժամանել դասավանդման եւ փորձի փոխանակման նպատակով։
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը հագեցած ծրագիր էր մշակել պրոֆեսոր Նոյգշվանդտների համար, որը մասնագիտացած է ագրոնոմիայի եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտներում։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում նրա դասախոսությունների թեման հենց օրգանական գյուղատնտեսությունն ու Ավստրիայում գյուղատնտեսության վարումն էր։
Ավստրիացի հյուրն այցելեց «Կանաչ արահետ» ՀԿ-ի Ուսուցման կանաչ կենտրոն, որտեղ միջազգային համբավ ունեցող կենտրոնի գործունեությանը ծանոթանալուն զուգահեռ ներկայացրեց նաեւ կանաչ գյուղատնտեսության զարգացման ավստրիական փորձը, գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ ավստրիացի երիտասարդության չնվազող հետաքրքրությունը։
Հանդիպումներ եւ հետագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ եղան նաեւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի եւ ամբիոնների վարիչների հետ։ Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին եւ բակալավրիատի ուսանողներին ներկայացրեց «Գյուղատնտեսության հարմարվողականության ռազմավարություն կլիմայի փոփոխության պայմաններում» թեմայով դասախոսություն։ Սրան հաջորդեց հանդիպումը օրգանական եւ կայուն գյուղատնտեսություն կրթական ծրագրերի մագիստրանտների եւ ագրոնոմիական մասնագիտացման ասպիրանտների հետ՝ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի աշխատակիցների մասնակցությամբ։ Բուռն քննարկում եղավ կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանի եւ Ավստրիայի գյուղատնտեսության հարմարվողականության ռազմավարության թեմայով։
ՄԿԴ-ից հայտնում են, որ սա ավստրիացի պրոֆեսորի երկրորդ այցն էր ՀԱԱՀ․ Ավստրիայի կառավարության աջակցությամբ իրականացված առաջին այցի շրջանակում պրոֆ․ Նոյգշվանդտներն ակտիվորեն մասնակցել է ՀԱԱՀ Օրգանական գյուղատնտեսության կրթական ծրագրի մշակմանը։
ՄԿԴ-ն նաեւ շնորհակալություն է հայտնում Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սասուն Մամաջանյանին՝ պրոֆեսոր Նոյգշվանդտների այցի կազմակերպչական հարցերում օգնելու համար։