Կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ, Հայաստանում այսուհետ կնշվի երկու նոր մասնագիտական օր՝ Անասնաբույժի օրը (նշվելու է ապրիլի վերջին ուրբաթ օրը) եւ Բույսերի առողջության պաշտպանության օրը (մայիսի 12-ը)։
Անասնաբուժության եւ բույսերի առողջության պաշտպանության բնագավառների դերն ու նշանակությունը արժեւորող որոշման համար հիմք են ծառայել մեր երկրի բնակչության կյանքի եւ առողջության, բույսերի եւ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, անասնահամաճարակային եւ բուսասանիտարական կայուն իրավիճակի ապահովման, ինչպես նաեւ երկրի տնտեսության զարգացման անհրաժեշտությունը։
Ագրարային համալսարանը ողջունում է կառավարության այս քայլը՝ շեշտադրելով ոչ միայն երկու բնագավառների հանրային, տնտեսական եւ ընկերային կարեւորությունը, այլեւ ոլորտի զարգացման գործում բոլոր շահակիցների ջանքերի միավորումը, նրանց աշխատանքային, կրթական եւ այլ իրավունքների ու շահերի պաշտպանությունը։
Մինչ այս Հայաստանը, համաշխարհային հանրության հետ, նշում էր համապատասխան միջազգային տոները, որոնք եւս որոշակիորեն իրենց դերը կատարում են ոլորտի ընդհանուր զարգացման տեսակետից։ Ագրարային համալսարանը, որպես գյուղատնտեսական կրթության, գիտության եւ խորհրդատվության բնագավառները միավորող ազգային հաստատություն, հավուր պատշաճի է ընդունում երկու տոները նշելու շրջանակում անասնաբուժության եւ բույսերի առողջության պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու առհասարակ զարգացումները առավել հասցեական ու նպատակային դարձնելու հնարավորությունը։
Ագրարային համալսարանում նաեւ բարձր ենք գնահատում կառավարության որոշման նախագիծը մշակած գերատեսչությունների, ներառյալ մեր գործընկեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքը։ Մենք հավաստիացնում ենք, որ համալսարանն իր մասնագիտական եւ տեխնոլոգիական ռեսուրսներն ու ջանքերը կուղղի առողջ եւ իրազեկ հասարակության կերտմանը։