Ապագա անասնաբույժները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, որոնք ներկայացնում էին 1-ից մինչեւ 5-րդ կուրսերը, դեկան Արեւիկ Աբովյանի ղեկավարությամբ մարտի 31-ին այցելեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նախ հանդես եկավ ներածական բանախոսությամբ՝ խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, որից հետո  հաճույքով ուղեկցեց ուսանողներին եւ ծանոթացրեց ապաստարանի գործունեությանը։ Այս գործում նրան օգնեց ապաստարանի կենդանաբույժ դոկտ․ Իման Մեմարյանը։ Ավելորդ է ասել, որ ապագա մասնագետները ոգեւորված եւ տպավորված էին եզակի այս կառույց այցելությունից, որին սպասում էին շաբաթներ առաջ պարոն Մեմարյանի հետ համալսարանում ունեցած հիշարժան հանդիպումից ի վեր։

«‎Ուրախ ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ շարունակական համագործակցության համար։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն օժանդակելու է համալսարանին՝ այնտեղ համատեղ կազմակերպելու վայրի կենդանիների կենդանաբուժական մեկամյա դասընթաց, քանի որ մեր օրերում նման մասնագետների մեծ պահանջարկ կա եւ դասընթացը հնարավորություն կընձեռի էլ ավելի մասնագիտանալ ոլորտում»‎,- նշել է պարոն Խաչատրյանը։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ հիմնադրամի հետ Ագրարային համալսարանի համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է՝ շարունակաբար ներառելով ոլորտի զարգացման մերօրյա առաջնահերթություններ ու իրողություններ։ «Ես բարձր եմ գնահատում այդ համագործակցությունը հատկապես այն առումով, որ մեր ուսանողներն ունեն հիմնադրամի կառավարման ներքո գտնվող ստորաբաժանումներում ուսումնաարտադրական լավագույն փորձուսուցում անցնելու եզակի հնարավորություններ»,- նշել է պարոն Ուռուտյանը։