Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները պահանջում են․․․ այցելություն Ագրարային

Մարտի 31-ին մասնագիտական կողմնորոշման նպատակով Ագրարային համալսարան ժամանած՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին ուղեկցում էին քոլեջի գյուղատնտեսական մասնագիտացման ղեկավար Կարինե Դարմոյանը եւ նույն մասնագիտացման դասախոսները։

Մինչ ուսանողները ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուիշանյանից տեղեկանում, այնուհետեւ ծանոթանում էին համալսարանի կրթական ծրագրերին եւ նորարարական լաբորատորիաներին՝ տիկին Դարմոյանը ՀԱԱՀ Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի հետ ստորագրեց գործակցային հուշագիր։ Փաստաթուղթը վերաբերում է ուսումնական, գիտական, մասնագիտական աշխատաշուկայի համալրման եւ այլ ուղղություններով գործակցությանը։

Քոլեջի ուսանողները, նրանցից ոչ պակաս՝ նաեւ դասախոսները հաճույքով եւ անթաքույց ոգեւորությամբ ընդունեցին այն ամենն, ինչ տեսան եւ լսեցին քիմիայի լաբորատորիաներից մեկում, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման կենտրոնում, նորարարական ջերմատանը, Գարեջրի եւ թորման լաբորատորիայում, իսկ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում՝ նաեւ համտեսեցին ՀԱԱՀ ուսանողների ձեռքով արտադրված յուրօրինակ հրուշակեղենը։

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը (նախկինում՝ Արմավիրի պետական գյուղատնտեսական քոլեջ) Ագրարային համալսարանի հետ հին առնչություններ ունի, որոնք նորոգվեցին ստորագրված հուշագրով եւ, որ, ավելի կարեւոր է՝ համագործակցության նոր ոգով։

Նյութի հրապարակումից անմիջապես առաջ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնից տեղեկացանք, որ քոլեջի ուսանողների նոր խումբը համալսարան կայցելի արդեն հաջորդ շաբաթ․ բանն այն է, որ առաջին այցելության մասնակիցների արտակարգ ոգեւորությունը տարածվել է քոլեջով մեկ եւ մյուս ուսանողները տնօրենից պարզապես պահանջել են իրենց էլ գործուղել Ագրարային․․․