Այս ուսումնական տարվա ընթացքում Ամերիա բանկի՝ տաղանդների ներգրավման թիմի ներկայացուցիչները (այդ խմբում է նաեւ մեր լավագույն շրջանավարտներից մեկը՝ Թագուհի Աբրահամյանը) այցելեցին Ագրարային համալսարան: Նպատակը մեկն է՝ բարձրացնել ուսանողների տեղեկացվածության աստիճանը, պատմել երիտասարդությանը միտված ծրագրերի մասին: Անվճար կամ վճարովի փորձուսուցում, Ամերիա-սերունդ ծրագիր, նոր-թարմ մտքերը կյանքի կոչելուն միտված՝ մինչեւ 3 մլն դրամի չափով դրամաշնորհային հարթակ: Ծրագրում են նաեւ տեղում՝ մեր բուհում, մասնագիտացված դասընթացներ կազմակերպել:
Ամերիա բանկը երիտասարդնական թիմ է ու մշակույթ: Եւ այդ թիմի անդամը, մշակույթի կրողը դառնալու համար 21-27 տարեկան երիտասարդները պետք է մասնակցեն անվճար, եռամսյա դասընթացի, որն ամփոփվում է թեստավորմամբ: Սովորաբար այս փուլը դիտարկելուց հետո բանկի ղեկավարությունը կարողանում է կողմնորոշվել, թե որ ոլորտում լավագույնս կդրսեւորվեն յուրաքանչյուր մասնակցի կարողություններն ու ընդունակությունները: Ընդ սմին, օտար լեզուների գերազանց իմացությունը պարտադիր չէ, բայց ցանկալի է, որովհետեւ բանկը իր հաճախորդներին սպասարկում է չորս լեզվով: Ամերիա-սերունդ ծրագրի շնորհիվ շուրջ 280 հոգի արդեն գտել է արժանապատիվ աշխատանք:
Այնուհետեւ, մեր հյուրերը ներկայացրեցին ուսանողական եւ VISA քարտերի տարբերություններն ու ընձեռած հնարավորությունները: Ամերիացիները խորհրդանշական նվերներ էին պատրաստել երիտասարդների համար, որոնցից շատերը հնարավորություն կունենան դառնալու այդ հեղինակավոր, բարձր վարկանիշով ընկերության լիիրավ անդամ: