Բակալավրիատի եւ քոլեջի ուսանողները մասնակցում են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացին

Մարտի 1-ին ՀԱԱՀ ընթերցասրահում մեկնարկեց «Ներգրավված քաղաքացի» համալսարանական (պիլոտային) դասընթացը, որի բացմանը մասնակցում էին ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Քաղաքացիական կրթության ծրագրի ղեկավար Նարեկ Քրուզյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանը:

«Ներգրավված քաղաքացի» դասընթացը վարում են նույն ամբիոնի դասախոսներ Հասմիկ Սիմոնյանը, Արուսյակ Ղարիբյանը եւ ՈԳԱ կենտրոնի մասնագետ Արմինե Զաքարյանը։ Իսկ դասընթացի մասնակիցները ՀԱԱՀ բակալավրիատի եւ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողներն են:

Դասընթացն իրականացվում է ՀԱԱՀ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրանի (IFES) հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ:

Դասընթացի նպատակը այսօրվա սովորողի աշխարհայացքի ընդլայնումն է, նրա քննադատական եւ ստեղծագործական մտածողության ձևավորմանը նպաստելը, մեր երկրի համար քաղաքացիական գիտակցություն ունեցող, օրինապաշտ, սեփական պետության եւ նրա քաղաքացիների հանդեպ անձնական պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ կրթելը:

Դասընթացի մասնակիցների հետ առաջին հանդիպումը գլխավորապես ներածական բնույթ ուներ: Դասընթացը անցկացվելու է շատ հետաքրքիր ձևաչափով. մասնակիցները թեմաներ են առաջարկելու, որոնցից ընտրվելու են 3-ից 4-ը եւ համատեղ ուժերով գտնելու են այդ խնդիրների լուծման հնարավորությունները եւ արդյունքի հասնելու ամենաարդյունավետ ուղիները: Դասը վարելու են հենց մասնակիցները՝ դասընթացավարների օժանդակությամբ: