Ես ուզում եմ գալ այստեղ սովորելու. թիվ 17 հիմնական դպրոցի աշակերտներ

Այս օրը՝ փետրվարի 17-ը հիշարժան օր դարձավ Երեւանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտների համար, որոնք դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանի ուղեկցությամբ եկել էին Ագրարային համալսարան՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը սիրով ընդունեց պատանի հյուրերին, խոսեց համալսարանի կրթական ծրագրերի եւ հետագայում մասնագիտության ընտրություն կատարելու հնարավորությունների մասին:

Հետեւեցին շրջայցն ու երեխաների հետաքրքիր, հասուն հարցերի շարքը, որոնց հաճույքով պատասխանեցին թե Մանեն եւ թե քիմիայի լաբորատորիայի, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնի, Գինեդարանի, նորարարական ջերմատան եւ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայի պատասխանատուները:

Ամեն տեղ հետաքրքիր էր: Աշակերտները բացահայտեցին ագրարային կրթության կարեւորությունը երկրի համար, գյուղատնտեսության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության տարողունակ ոլորտներում մասնագիտական կարիերա անելու խոստումնալից հեռանկարներ, հաճախ՝ իրենց համար միանգամայն անսպասելի տեսանկյուններից:

Տիկին Թեւանյանն ու աշակերտները տպավորված էին եւ շնորհակալություն հայտնեցին ընձեռված հնարավորության համար: «Ես ուզում եմ գալ այստեղ սովորելու» միտքը մի քանի անգամ հնչեց ոգեւորված պատանիների ու աղջիկների շարքերում: