Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր նախագահ Գեղամ Գեւորգյանը: Խորհրդի 20 անդամից նիստին ներկա էին 19-ը, ներառյալ երկուսն՝ առցանց:
Օրակարգում ՀԱԱՀ 2021 թ. գործունեության, բյուջեի եւ դրա փոփոխությունների, 2021 թ. ֆինանսատնտեսական գործունեության կատարողականի եւ 2022 թ. բյուջեի նախահաշվի, կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման եւ խոշոր գիտական ծրագրերում մասնակցության, համալսարանի կառուցվածքի եւ հաստիքացուցակի, համալսարանի ռազմավարական ծրագրի 2022 թ․ գործառնական պլանի հաստատման վերաբերյալ հարցերն էին:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես եկավ համալսարանի 2021 թ. գործունեության հաշվետվությամբ: Նա ներկայացրեց կրթական ծրագրերի կառուցվածքային եւ բովանդակային վերափոխման, ուսանողակենտրոն մրցունակ կրթության, արդիական ուսումնական միջավայրի ստեղծման, դասախոսական կազմի մասնագիտական կարողությունների հզորացման, աշխատանքային կիսամյակի ներդրման, գյուղատնտեսական ստարտափ էկոհամակարգի զարգացման, գիտական արդյունքների առեւտրայնացման ուղղություններով կատարված մեծածավալ աշխատանքները:
Ռեկտորն անդրադարձավ արձանագրված հիմնական ձեռքբերումներին: Շեշտադրվեցին ագրարային մասնագիտություններ սովորելու ցանկություն ունեցող՝ թեեւ ոչ մեծաթիվ, բայց գիտակցական ընտրություն կատարող դիմորդների տեսակարար կշռի մեծացումը, որպես միջազգային հենանիշավորման (բենչմարկինգ) արդյունք՝ մագիստրոսական նորարարական մասնագիտությունների ներդրումը, դասախոսական կազմի վերապատրաստումների աննախադեպ ալիքը, կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի հաջողությունը, որոնք սկսել են որոշակի ֆինանսական հոսքեր ապահովել, գիտության թեմատիկ ֆինանսավորման ռեկորդային աճը, գիտնականների աշխատավարձերի եւ խրախուսման չափերի էական բարձրացումը եւ այլն:
Ռեկտորի զեկուցումից ակնհայտ դարձավ, որ արդիական մրցունակ կրթական միջավայրի ստեղծմանը եւ դիմորդների համար գրավչության բարձրացմանը մեծապես նպաստող նոր ենթակառույցների ստեղծման առումով Ագրարային համալսարանը անվիճելի առաջատարն է երկրի բարձրագույն կրթության համակարգում: 2021 թ. շարք են մտել նորարարական լուծումներով մի շարք լաբորատորիաներ, Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, Ագրոճամբարը, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան, Գարեջրագործության եւ թորման լաբորատորիան, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը եւ ռազմավարական նշանակության մի շարք այլ կառույցներ:
Տարին նշանավորվել է ոլորտային ընդգրկումով եւ համալսարանի կարողությունների զարգացման ու երկրի տնտեսության վրա ազդեցության բավականին մեծ ներուժ ունեցող միջազգային դրամաշնորհային ծրագրերի մեծ թվով: Հաստատվել են նոր ծրագրեր՝ նոր եւ խոստումնալից հեռանկարներով:
Ենթակառույցների եւ գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում դրանց ազդեցության առումով էական առաջընթաց է գրանցվել նաեւ համալսարանի Վանաձորի, Շիրակի եւ Սիսիանի մասնաճյուղերում, վարժարանում, քոլեջում:
2021-ը նշանավորվել է նաեւ ուսանողական կյանքի աշխուժացմամբ, մասնավորապես Ուսխորհրդի կատարած լավ աշխատանքով՝ բնապահպանական, մշակութային, գիտական եւ մարզական ուղղություններով:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեղամ Գեւորգյանը, խորհրդի անդամ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը եւ այլք, բարձր գնահատելով 2021 թ. ընթացքում համալսարանի գործունեությունը եւ ռեկտոր Ուռուտյանի մեծ ներդրումը, միաժամանակ մտահոգություններ արտահայտեցին: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին դիմորդների համար համալսարանի գրավչությանը, բուն գյուղատնտեսական մասնագիտությունների գծով ընդունված ուսանողների փոքր թվին, պրոֆեսորադասախոսական կազմի վարձատրությանը, համալսարանի ֆինանսական կայունությանը:
Ի պատասխան խորհրդի նախագահի եւ խորհդի նորանշանակ անդամներից մի քանիսի հարցերի եւ ի փարատում արտահայտված մտահոգությունների՝ ռեկտոր Ուռուտյանը տվեց հստակ, հիմնավոր եւ սպառիչ պատասխաններ եւ բացատրություն:
Հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունեց օրակարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը:
Ագրարային համալսարանը շարունակում է իր կարեւոր առաքելությունը: Վերջին երեք տարվա ընթացքում այն վերածվել է գյուղատնտեսական կրթության, գիտության եւ խորհրդատվության գլխավոր շարժիչ ուժի եւ ձեռք բերել երկրի բարձրագույն կրթության համակարգում ամենաարագ եւ ամենախորքային բարեփոխումներն իրականացնող բուհի հեղինակություն։ Համալսարանն իր օրեցոր ուժեղացող եւ կուռ թիմով, բարձրացող վարկանիշով, տարածաշրջանային եւ միջազգային կրթական միջավայրում ավելացող կշռով շարունակում է ոչ դյուրին, բայց անխոտոր ընթացքը դեպի ագրոտեխնոլոգիական գիտակրթական գերազանցության կենտրոն դառնալու ռազմավարական նպատակի լիարժեք իրականացումը: