Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության կարճաժամկետ առաջին դասընթացի ավարտին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի համակարգող Լիլիթ Բեգլարյանը ավարտական հավաստագրեր հանձնեցին դասընթացի մասնակիցներին: Դասընթացը մշակվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում:
Ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց Հացի եւ հրուշակագործության նորաբաց լաբորատորիայում մասնագիտական նորագույն գիտելիքներ ստացած առաջին խմբին եւ շնորհակալություն հայտնեց ՌԶԳ-ին, որի աջակցությամբ հնարավոր եղավ ՀԱԱՀ-ում ստեղծել նորարարական ուսումնաարտադրական այս եզակի ենթակառույցը: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաեւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի պատասխանատուներին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնին, անձամբ դոցենտ Նարինե Հովհաննիսյանին՝ լաբորատորիան առավելագույն արդյունավետությամբ շահագործելու համար:
Տիկին Բեգլարյանը, գոհունակությամբ նշելով Ագրարային համալսարանի հետ գործակցության նպատակայնությունը, շնորհավորեց հավաստագեր ստացողներին եւ վստահություն հայտնեց, որ նոր գիտելիքներն ու փորձը նրանք կօգտագործեն թե՛ աշխատանքում եւ թե՛ տանը:
Ռեկտոր Ուռուտյանը հաճույքով ընդունեց դասընթացի մասնակիցների պատրաստած նվերը՝ յուրահատուկ բաղադրագրով թխված, համեղ ու առողջարար հացը:
Ներգրավված դասավանդող մասնագետների բարձր որակավորումը, լաբորատորիայի տեխնիկական գերազանց հնարավորությունները այն երեք առանցքային պատճառներից երկուսն են, որ հանգեցրել են դասընթացին մասնակցելու համար բառացիորեն հերթերի գոյացմանը. երրորդ պատճառը պահանջարկն է:
Այժմ ընթացքի մեջ է հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության երկրորդ դասընթացը: Երրորդ եւ չորրորդ հերթափոխները սպասում են իրենց հերթին…