Դեկտեմբերի 13-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի կոնֆերանս դահլիճը միավորել էր ՀՀ Լոռու մարզի ֆերմերներին, շահագրգիռ կազմակերպություններին, մասնաճյուղի դասախոսական կազմին եւ ուսանողներին՝ ներկա գտնվելու մասնաճյուղի, ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի եւ ՀՀ Լոռու մարզպետարանի եւ ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի կողմից իրականացվող համատեղ սեմինար-խորհրդատվությանը եւ թեմատիկ ցուցադրությանը:
Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ««ՍԻՍ» կենսահումուսի տնտեսաէկոլոգիական արդյունավետությունը ՀՀ բնահողային գոտիներում» թեմայով ծրագիրը:
Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Մերի Գրիգորյանի ողջույնի խոսքով, որին հաջորդեց կենտրոնի տնօրենի՝ գ.գ.թ., դոցենտ Գայանե Գասպարյանի բովանդակալից զեկուզում-ելույթը:
Այնուհետ կ.գ.թ., դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը, ներկայացնելով ծրագիրը, կարեւոր համարեց օրգանական գյուղատնտեսության դերը մեր երկրում: Այլընտրանքային օրգանական պարարտանյութի՝ «ՍԻՍ» կենսահումուսի պատրաստման, կիրառման, օգտագործման եղանակաների, չափաքանակների ու առավելությունների մասին հանգամանալից բացատրությունից, նյութի ցուցադրությունից հետո Մարգարիտ Պետրոսյանը ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխաններ տվեց:
Նույն հետաքրքրությամբ ներկաներն ունկնդրեցին նաեւ կենտրոնի գիտաշխատողներ գ.գ.թ., դոցենտ Սերգեյ Երիցյանին, գ.գ.դ. Ալբերտ Մարկոսյանին, գ.գ.դ. Սուրիկ Հունանյանին: Գիտություն – արտադրություն – կրթություն շղթայի կարեւորությունն ընդգծվեց բոլոր բանախոսների խոսքում, որովհետեւ այս օղակներ միջեւ եղած անջրպետը հանգեցնում է գյուղատնտեսության ցածր արդյունավետության:
Միջոցառումը համալսարանի գիտական ու կրթական ստորաբաժանումների գործակցության լավ օրինակ էր, որը արդյունավետ եղավ օրգանական գյուղատնտեսության մշակույթի ներդրման, ֆերմերի բարձրաձայնած կոնկրետ հարցերի՝ գիտականորեն հիմնավորված պատասխաններ ստանալու լավագույն հնարավորության առումով: