Մեկնարկեց Աշխատուժի զարգացման ծրագիրը. մասշտաբներն աննախադեպ են

Դեկտեմբերի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման ժամանակ: Ծրագիրն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ կոնսորցիումի անդամ մյուս կազմակերպությունների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի եւ «Սիվիտտա Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցեցին եւ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար այլ անձինք: Ծրագիրը ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ծրագրի ընդհանուր արժեքը 7,5 մլն ԱՄՆ դոլար է, իրականացման ժամկետը՝ 5 տարի: Ծրագրի թիրախային խումբը լինելու են երիտասարդները եւ կանայք, որոնց, ինչպես նշեց Բագրատ Ենգիբարյանը, հնարավորություն կտրվի բարելավելու մասնագիտական գործնական հմտությունները եւ որպես վերջնարդյունք՝ աշխատանք գտնել ՏՀՏ, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտներում:

Ռեկտոր Ուռուտյանը ծրագիրը գնահատեց որպես գյուղատնտեսության ոլորտում առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ արդյունավետ քայլեր իրականացնելու, տարբեր ենթաոլորտները մասնագետներով համալրելու լավագույն հնարավորություն, մասնագետներ, որոնց լուրջ պակաս կա երկրում: Ընդ որում Ագրարային համալսարանի վերջին տարիների ագրոտեխնոլոգիական առաջընթացը մեծապես կօգնի ծրագրի հաջողությանը: Ծրագրի շնորհիվ վերապատրաստվելու է շուրջ 10000 մասնագետ, ստեղծվելու է շուրջ 7000 աշխատատեղ, այդ թվում ագրոոլորտում՝ ավելի քան 3200: Վերապատրաստվելու է ՀԱԱՀ-ի 300 դասախոս:

Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց նաեւ, որ դուալ կրթության արմատավորման եւ մասնագետների նպատակային պատրաստման գործընթացը համալսարանում իրականացվում է ապակենտրոնացման սկզբունքով՝ համալսարանի համակարգում գործող, Երեւանում ու մարզերում տեղակայված միջին մասնագիտական հաստատություններում եւս բարեփոխելով կրթական ծրագրերն ու ստեղծելով գործնական կրթության արդիական  ենթակառույցներ, ներառյալ գիտելիքի նորարարական նոր հաբեր, ագրոճարտարագիտական, մսամթերքի, կաթնամթերքի, պահածոների լաբորատորիաներ:

ՀԱԱՀ ռեկտորը համատեղ աշխատանքի, աջակցության եւ համախոհության համար շնորհակալություն հայտնեց գործընկերներին, մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում փոփոխությունների իրական դեսպան լինելու համար: