Հանրահայտ կարծիք է, եւ ոչ առանց հիմքի, որ կարիերայի առաջընթացով տարված կանայք հաճախ թերանում են կենցաղում: Մինչդեռ, որքաաան ենք ցանկանում հավասարակշիռ պահել մեր կյանքի կարեւորագույն այս երկու ոլորտը: Այսօր, Ագրարայինում «համեղ» տնտեսուհիներ դառնալու բացառիկ հնարավորություններ ունեն բոլորը՝ ներս ու դրսից, ովքեր կկամենան ու կմասնակցեն հացի, հրուշակագործության մեկամսյա դասընթացների: Ընդ սմին, մեր բուհի աշխատակիցների եւ ուսանողների համար սահմանված են վարպետաց ուսուցման վարձավճարի էական զեղչեր:
Բոլորովին վերջերս առիթ ունեցել ենք մեր ընթերցողներին տեղեկացնելու, որ ՌԶԳ-ի աջակցությամբ հիմնանորոգվել ու կահավորվել է հացի-հրուշակագործության լաբորատորիան: Այն տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ բառացիորեն շաղախել-հունցելու, մասնագիտության գաղտնիքները յուրացնելու համար անփոխարինելի հարթակ է լինելու:
Այսօր արդեն տեսնում ենք առաջընթացը: Հացի եւ անուշեղենի արարման առաջին խումբը մեծ թափով լծվել է աշխատանքի: Այս գաղափարը կյանքի կոչելու պատասխանատուն բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Նարինե Հովհաննիսյանն է, պարապմունքները վարում է մեր բուհի շրջանավարտ, Yum Yum Dօnuts հրուշակարանի աշխատակցուհի Տաթեւիկ Միրաբյանը: Լսարանային-տեսական պարապմունքներից հետո, արդեն գործնական դաս են անում նորաստեղծ լաբորատորիայում: Խմբի ամենահետաքրքրված (անկեղծ ասած՝ այստեղ չհետաքրքրված մարդիկ չկային) անդամներից մեկը՝ Տաթեւիկը, ավարտել է մեր համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետը, ասում է. «Համացանցից մի քանի բան սովորելով սկսեցի հաց թխել: Բայց հիմա ուզում եմ մասնագետների օգնությամբ, գիտական հիմնավորմամբ սովորել բոլոր գործընթացները»: Ճիշտ որոշում են կայացրել Տաթեւիկն ու խմբի մյուս մասնակիցները: Ասում են հաջորդ փուլը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին եւ բոլոր տեղերն արդեն համալրված են: «Նեդոբոռ» չկա…
Հ.Գ. Մեր համալսարանի հետ համագործակցող ընկերությունները հումք-բաղադրիչներ են փոխանցել ծրագրին աջակցելու նպատակով: Իսկ ակնկալիքները հստակ են՝ որ լավ կադրեր պատրաստվեն այստեղ: Եւ երկրորդ, մեր մասնագետները փորձաքննության կենթարկեն այդ նյութերն ու որակական հատկանիշների մասին ավելի ամբողջական, արհեստավարժորեն հիմնավորված ու համակողմանի կլինեն պատկերացումները: