Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցեց նոյեմբերի 17-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կայացած երկրատեղեկատվական (աշխարհատեղեկատվական) համակարգերի միջազգային օրվան նվիրված «GIS-ը` ի նպաստ Հայաստանի զարգացման» խորագրով քննարկմանը: Միջոցառման համակազմակերպիչներն էին «Գեովայբ» ընկերությունը, ՀԲԸՄ-ն եւ Ագրարային համալսարանը: Միջոցառմանը ներկա էին բուհերի (Ագրարային, Երեւանի պետական, Ամերիկյան համալսարաններ), պետական գերատեսչությունների (Կադաստրի կոմիտե, Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարություններ, Գիտությունների ազգային ակադեմիա, «Հայանտառ» ՊՈԱԿ), ՀԿ-ների ներկայացուցիչներ: Բոլոր նրանք, որ GIS համակարգերը կիրառում են իրենց ամենօրյա աշխատանքում, նաեւ ուսուցանում եւ տարբեր հետազոտություններ են իրականացնում այս ոլորտում:
Բոլոր զեկույցներն էլ չափազանց հետաքրքիր էին ու արդիական: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրեց Ագրարային համալսարանի վերջին տարիների ձեռքբերումները, կյանքի կոչված նորարարությունները, երկրատեղեկատվական ու հեռահար զոնդավորման համակարգերի կիրառությունները, մասնավորապես՝ Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում, որ վերջերս է մեկնարկել համալսարանում: Զեկույցը կրում էր խորհրդանշական «Գյուղատնտեսություն 4.0» անվանումը` հղում անելով արդյունաբերական 4-րդ հեղափոխությանը: Նորարարության, ոլորտում համարձակ եւ հավակնոտ ծրագրերի առաջամարտիկ լինելու տեսանկյունից Ագրարայինի գյուղատնտեսական հեղափոխությունը ձգտում է ոչնչով չզիջել արդյունաբերականին: Պարոն Ուռուտյանը ներկայացրեց ԱգրոԹԵՔ-ի հիմնական ուղղությունները` խելացի, ճշգրիտ եւ ուղղահայաց գյուղատնտեսություններ, ագրոբոտներ, ռոբոտիկա, ավտոմատացում, կենսատեխնոլոգիաներ, արհեստական բանականություն ու տվյալների մեծ բազաներ, դրոններ եւ արբանյակներ: Թվարկածից հատկապես վերջին երկու ուղղության, ինչպես նաեւ ճշգրիտ գյուղատնտեսության մեջ երկրատեղեկատվական ու հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների կիրառումն անխուսափելի անհրաժեշտություն է: Խոսեց STEAM կրթական մոդելի ներդրման կարեւորության մասին, որը ներառում է գիտություն, տեխնոլոգիաներ, արվեստ, մաթեմատիկա, ճարտարագիտություն, զարգացնում է ուսանողների քննադատական մտածողությունն ու համակարգային լուծումներ գտնելու կարողությունը: Պարոն Ուռուտյանը պատմեց նաեւ ագրոդրոնների՝ շատ շուտով բացվելիք լաբորատորիայի, Համալսարանի Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տան տարածքում գործող նորարարական ագրոճամբարի (Agri Camp), GeoTAk-i (Հայաստանում եւ Ղրղզստանում ԵՏ տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում, հետազոտական ցանցերի ամրապնդում), ագրոտեխնոլոգիական ինկուբատորի, հողային եւ ջրային ռեսուրսների լաբորատորիայի մասին:
Պարոն Ուռուտյանը շնորհավորեց GIS մասնագետների, նաեւ ուսանողների միջազգային օրը, շնորհակալություն հայտնեց միջոցառման համակազմակերպիչներին ու շատ կարեւոր համարեց նման քննարկումները, որոնք շահակից այլ կազմակերպությունների իրականացրած աշխատանքներին ծանոթանալու, միմյանց ճանաչելու, կապերի հաստատման, արդյունավետ համագործակցության հնարավորություն են տալիս: