Գիտակրթական. լաբորատորիան թանգարան չէ, պետք է «հետեւողականորեն շահագործել»

ABIONET միջազգային ծրագրի շրջանակում մեր բուհում հիմնվեց Սննդամթերքի որակի հսկման ուսումնական գերժամանակակից լաբորատորիա: Ավելորդ է ասել, թե այս ոլորտը ռազմավարական ինչ նշանակություն ունի երկրի անվտանգության տեսակետից:

Դեռ ամիսներ առաջ՝ լաբորատորիայի բացման ժամանակ, ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դոցենտ, ա.գ.թ. Գարեգին Համբարձումյանը մաղթանք-երազանք-ցանկություն ուներ, որ այս հրաշալի գործիքակազմը օգտագործվի, ուսանող-մագիստրանտ-ասպիրանտ փաղանգը դրանց միջոցով հետազոտություններ անելու հնարավորություն ունենա եւ ավարտաճառերի թեմաներն ընտրվեն այդ նպատակին համապատասխան: Եղավ: Իրականություն է դարձել:

Մագիստրանտներ Տարոնի ու Հեղինեի թեմաները նվիրված են մսեղիքում հակաբիոտիկների եւ ձկնեղենի մեջ կենսաբանական ակտիվ նյութերի հայտնաբերմանը: Դեռ նախորդ օրվանից տարբեր ապրանքանիշերի նմուշներ են վերցվել, իսկ հիմա, այս պահին՝ դասախոսի ղեկավարությամբ ուշադիր իրականացնում են հետազոտությունները: Ի դեպ, փորձերի համար անհրաժեշտ ռեակտիվների հավաքածուն ձեռք է բերվել համալսարանի միջոցներով:

Հատկանշական է, որ «կրտսեր» սերնդին օգնության ձեռք է մեկնել մեր բուհի շրջանավարտ, ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագետ-հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը, որի մասնակցությունը հնարավոր դարձավ Menvipro և ABioNet  կարողությունների զարգացմանը միտված Էրազմուս+ ծրագրերի համագործակցության շրջանակում: Սա էլ խորհրդանշական է՝ սերունդների միջեւ փոխկանչի տեսակետից: Հաճելիորեն խորհրդանշական…

Լաբորատորիան տպավորիչ է, ասես կինոյից կադր լինի՝ արեւմտյան ֆիլմից: Մաքուր: Լուսավոր: Աշնան այս օրերի համար ցանկալի՝ տաք: Իսկ մնացածը՝ գիտահետազոտական խանդավառություն, գաղափարին անմնացորդ նվիրում, սեր՝ մասնագիտության հանդեպ, մերոնք միշտ էլ ունեցել են…