Մտքերի հայկական գագաթնաժողով․ ապագան կախված է նոր տեխնոլոգիաներից ու գիտությունից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»։ Հոկտեմբերի 23-ին մեկնարկած գագաթնաժողովը տեղի է ունենում Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» (“Summit of Minds)” երրորդ տարին է ինչ անցկացվում է նաեւ Հայաստանում։ Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Գագաթնաժողովի երկու հիմնական թեմաներն են՝ աշխարհում եւ հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ տեխնոլոգիաների, մասնավորապես կենսատեխնոլոգիաների զարգացումը 21-րդ դարում:

Առկա եւ առցանց եղանակների համադրումով անցկացվող գագաթնաժողովի մասնակիցների թվում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագետներ եւ վերլուծաբաններ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ղեկավարներ, աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ։

Գագաթնաժողովում կներկայացվի նաեւ գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության եւ արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի ծրագիրը: Այն լինելու է գիտության եւ արվեստի փառատոն՝ ամբողջ աշխարհից հազարավոր մասնակիցներով։ Նախագահ Սարգսյանն այս առիթով նշել է, որ 21-րդ դարում գիտությունը, արվեստը, երաժշտությունը փոխկապակցված են եւ որ փառատոնը լավագույն հարթակ կլինի մեր երիտասարդներին քաջալերելու համար, «որովհետեւ նրանց ապագան, նրանց ընտանիքների ապագան, Հայաստանի ապագան կապված են լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ։ Մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են, տաղանդավոր մարդիկ: Այդ մարդկանց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան։ Լավագույն ձեւը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ նրանք իսկապես ապագա ունեն՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ աշխարհում»։

STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշել է, որ արդեն երկու անգամ աշխարհի լավագույն գիտական փառատոնը ճանաչված STARMUS-ի հիմնական նպատակը գիտության եւ հասարակության միջեւ եղած անջրպետի վերացումն է։ Նա հայտարարել է փառատոնի առաջին 30 մասնակիցների մասին, որոնց թվում նոբելյան 8 մրցանակակիրներ կան։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը STARMUS փառատոնի անցկացումը Հայաստանում կարեւոր է համարել երկրի, հասարակության անվտանգության տեսակետից։ «Անվտանգության լավագույն երաշխիքը զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է և այս դաշտում առաջատար լինելը, որը կապահովի մեր հզորացումը, մեր անվտանգությունը»,- ասել է նախարար Դումանյանը: