Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «ԱրմՊրոդ ԷՔՍՊՈ 2021» հերթական՝ 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին համեստ, բայց հետաքրքրիր ձեւով էր ներկայացել: «Երեւան Էքսպո» կենտրոնում կազմակերպված ավանդական ցուցահանդեսի բացօդյա մասում հոկտեմբերի 15-17-ը մենք ցուցադրեցինք ծառերի միջբնային տարածությունների հողամշակման երկու ֆրեզները:
Համահեղինակներն են Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի դոցենտ, ՀԱԱՀ Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության մեքենայացման բաժնի վարիչ Արթուր Ալթունյանը, ճարտարագետ-նախագծող Վաչագան Կարապետյանը եւ բաժնի մի քանի այլ աշխատակիցներ:
Պարոն Ալթունյանը եւ պարոն Կարապետյանը այցելուներին ներկայացրեցին ավանդական եւ ինտենսիվ այգիների համար նախատեսված ֆրեզները: Դրանք շուկայում առանձնանում են իրենց դյուրօգտագործելիությամբ, արդյունավետությամբ, մեր քարքարոտ հողային պայմաններին առավելագույնս հարմարվածությամբ, մատչելիությամբ եւ, որ թերեւս մեր արտադրանքի ամենամեծ առավելությունն է՝ անվտանգությամբ: Վերջին առավելությունը, ավանդական այգիների համար նախատեսված մեքենայի պարագայում, ապահովվում է ծառերի բնապաշտպան օղագոտու միջոցով, որը, առանց դույզն ինչ վնասելու ծառի բունը, հնարավորություն է տալիս հանգիստ շրջանցել այն եւ փխրեցնել միջբնային տարածությունները: Նույն գործառույթը ինտենսիվ այգիների համար նախատեսված մեքենայի պարագայում իրականացնում է էլեկտրական հիդրոմղակի միջոցով աշխատող շոշափոցը:
«Երեւան Էքսպո» կենտրոնի շենքի ներսում գյուղատնտեսական թարմ եւ վերամշակված մթերքների ցուցադրությունն էր: Այս տարվա ցուցահանդեսն աչքի ընկավ նոր անունների ու ապրանքանիշերի առատությամբ, սակայն նաեւ՝ այցելուների սակավությամբ: Մասնակիցների թվում էին ՀԱԱՀ-ի հետ գործակցող միջազգային կառույցներ, ՀԿ-ներ եւ ֆերմերային խմբեր: Իսկ Ագրոնոմիայի ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս Արմինե Աբրահամյանը ցուցահանդես էր բերել իր անուշահամ եւ առողջարար օրգանական թեյերը: