Համալսարան՝ մասնագիտական կողմնորոշման էին եկել Շիրակի ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները: Այն ամենն, ինչ շիրակցիները տեսան-իմացան՝ շատ հետաքրքիր, շատ դեպքերում՝ անսպասելի էր իրենց համար: Իրենք էլ մեզ համար էին շատ հետաքրքիր, երբեմն էլ՝ անսպասելի…
Հին, Ագրարային համալսարանից էլ ավելի հին պատմություն ու լավ ավանդույթներ ունեցող քոլեջի սաները, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետներ Անի Հովակիմյանի եւ Մանե Շուշանյանի ուղեկցությամբ, հասցրեցին ծանոթանալ համալսարանի մեծ թվով ենթակառույցների: Եղան Ագրոթեք ինկուբատորում, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, նորարարական ջերմատանը, Ընդհանուր քիմիայի լաբորատորիաներում, Գինեդարանում, ընթերցասրահում, Գնահատման եւ թեստավորման կենտրոնում, Կանաչ պատի մոտ, համալսարանի պատմության թանգարանում եւ այլուր:
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները ձգտում են մասնագիտական կողմնորոշման իրենց ծրագրում ներգրավել հնարավորինս մեծ թվով դպրոցների, քոլեջների ու վարժարանների սովորողների եւ, ստորաբաժանումների պատասխանատուների օգնությամբ, սահմանափակ ժամանակի ընթացքում առավելագույն տեղեկություններ հաղորդել համալսարանի առաջարկած կրթական ծրագրերի ու ուսումնառության պայմանների մասին: Ավելին, ստեղծում են ջերմ մթնոլորտ, կապեր հաստատում երիտասարդների հետ ու նրանց առջեւ բացում հետաքրքիր հեռանկարներ:
Ահա շիրակցիներն էլ տպավորված էին Ագրարային համալսարանում տեսածով ու լսածով: Փոխադարձաբար տպավորված էին նաեւ մեր պատասխանատուները: «Շիրակի մասնաճյուղի ուսանողները շատ բարեկիրթ, զուսպ, պրպտող ու լավ երեխաներ են»,- ասում է Անի Հովակիմյանը: