ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021թ.-ի հոկտեմբերի 11-ի N 1690-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի միջոցով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը, որում Հայաստանի ազգային ագրարային համալսարնից ներառված է «21AG-4D065» ծածկագրով «Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիաներ՝ ջերմային սթրեսի կարգավորումը ձկների և ընտանի թռչունների մոտ» անվանմամբ գիտական թեման, որի ֆինանսական ծավալը կազմում է 156000.0 հազ. դրամ: Թեմայի ղեկավարն է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աստղիկ Զավենի Փեփոյանը։
ՀՀ գիտության կոմիտեի տեղեկատվության համաձայն Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվում է առաջին անգամ և աննախադեպ է տրամադրվող գումարի, թեմայի տևողության և խմբերում ներգրավված գիտաշխատողների առումով: Այս մրցույթն ունի իր որոշակի առանձնահատկություններն ու պահանջները։ Մրցույթի արդյունքների հիման վրա ս.թ. հոկտեմբերից սկսած մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի:
Ըստ ՀՀ գիտության կոմիտեի տեղեկատվության այլ մրցույթների համեմատ՝ նպատակը ոչ միայն բեկումնային գիտական ուղղություններով հետազոտությունների իրականացումն է, այլ նաև գիտական ուղղության, դպրոցի պահպանումն ու զարգացումն և առաջատար գիտնականների փորձի փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ նկատառումով էլ մրցույթի դեպքում խմբերի ղեկավարների համար առավելագույն տարիքային շեմ չի սահմանվել, իսկ անդամներից առնվազն երկուսը 35 և ցածր տարիքի են: Բացի այդ, ընձեռնված է հնարավորություն` թեմայի մեկնարկից 12 ամիս անց խումբը ևս երկու երիտասարդ մասնակցով (մագիստրանտներ) համալրելու:
Կարևորվել է նաև միջազգային գիտական կապերի խորացման գործոնը: Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և նույնքան ժամանակ էլ իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին: Պարտադիր պահանջներից են թեմայի իրականացման ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներն ու միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավումը, թեմային առնչվող գիտահանրամատչելի նյութերի ստեղծումն ու տարածումը:
Նախագծի իրականացման ընթացքում կատարվելու է առաջընթացի տարեկան գնահատում, իսկ մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության միջանկյալ գնահատում, որից հետո կորոշվի թեմայի ֆինանսավորումը հաջորդող երկու տարիներին շարունակելու նպատակահարմարությունը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը շնորհավորում է մրցույթով ֆինանսավորման երաշխավորված թեմայի ղեկավարներին և խմբի անդամներին, ցանկանում բեղմնավոր աշխատանք և տեսական ու գործնական արժեք ունեցող գիտական արդյունքների ապահովում: