Մեր բուհը 91-րդ սերնդի առջեւ լայնորեն ու սիրով բացեց իր դռները: Դռներ, որ բացառիկ հնարավորություններ են ստեղծում պետության եւ անհատի համար լավագույն ապագա կերտելու:
– Հզոր հայրենիքի ժամանակը մենք միասին ենք բերելու,- համոզված-հաստատակամ է ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով բոլորին, ռեկտորը հատկապես առանձնացրեց առաջինկուրսեցիներին, որոնք՝ «շատ ճիշտ եւ կարեւոր որոշում են կայացրել»: Մեր բուհի բոլոր մասնագիտություն-մասնագիտացումները հեռանկարային են եւ ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար: Աշխատաշուկայում մեծ պահանջարկ կա: Մնում է միայն օգտվել ՀԱԱՀ ստեղծած լայն, գրեթե անսահմանափակ հնարավորություններից՝ Լեզվի կենտրոն, միջազգային գիտակրթական ծրագրեր, ԱՈՒԿ, Գինու ակադեմիա, նորագույն տեխնոլոգիաները ուսումնասիրելու նպատակով անընդհատ նորացվող-թարմացվող հիմք:
Պարոն Ուռուտյանը բարի գալուստ ասաց 44-օրյա պատերազմից վերադարձած ուսանողներին: Խաղաղ ծառայություն մաղթեց նրանց, որոնք շատ շուտով կմեկնեն ծառայության: Ռեկտորի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀԱԱՀ 36 անմահացածների հիշատակը…
Համավարակը դեռեւս լուրջ մարտահրավեր է ողջ աշխարհում, ուրեմն պետք է շարունակենք կարգապահ եւ զգուշավոր լինել:
Եւ վերջում, ռեկտորը հորդորեց լինել նախաձեռնող, համարձակ, աշխատասեր եւ չվախենալ սխալվելուց: Բուհի ղեկավարությունը որքան սկզբունքային է կարգ ու կանոնի, նույնքան էլ պատրաստակամ է ստեղծագործ մտքով երիտասարդներին աջակցելու հարցերում: Իսկ սխալները ճիշտ ճանապարհը գտնելու-ցույց տալու հատկություն ունեն:
ՀԱԱՀ շրջանավարտ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ողջունելով հարազատ բուհի դասախոսներին, առաջինկուրսեցիներին բարի գալուստ մաղթեց՝ գյուղատնտեսական ոլորտ: Աշխարհը ինտենսիվ եւ անկանխատեսելի փոփոխություններ է ապրում եւ այս պայմաններում կարեւոր է մարդկային կապիտալը, ներուժը: Պարոն Խոջոյանը ուսանողներին խորհուրդ տվեց պահպանել անհատականությունը: Մեկ միասնական ընտանիքում, ներդաշնակ ամբողջի մեջ եզակի-անկրկնելի-անշփոթելի պետք է լինի յուրաքանչյուրը:
Ագրարայինի ընձեռած հնարավորությունները մեկ անգամ եւս, ավելի հանգամանորեն ներկայացրեց շարունակական կրթության եւ կարիերայի կենտրոնի ղեկավար Լիանա Վարդանյանը:
Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը նոր համակազմին ներկայացրեց կառույցի անցած ուղին եւ այն հնարավորությունները, որոնք հետաքրքիր եւ հագեցած են դարձնում բուհական ուսումնառության տարիները: