Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն հետևյալ մասնագիտություններով:
Դիմորդները դիմում հայտը և փաստաթղթերը լրացնելու են ԲՈՒՀ-ում օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն (երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09։00-17։00, սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18։00): Քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 20-ը:
Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում է մասնագիտությունները (կրթական ծրագրերը) և տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգի:
Դիմորդը ԲՈՒՀ-ին ներկայացնում է՝
1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
2) 6 լուսանկար (3 x4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5) հեռակա ընդունելության հետևյալ կանոնների 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
7) տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
8) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
10) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):
Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը ԲՈՒՀ-ի համապատասխան հաշվեհամարին վճարում է 1500 դրամ հետևյալ հաշվեհամարով՝ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ Հ/հ 2470100531030000, ( շահառու դաշտում պետք է նշել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀՎՀՀ 01507028, իսկ նպատակ դաշտում պետք է նշել դիմորդի ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ և ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ)
Ընդունելության քննությունների վճարից ազատվում են հեռակա ընդունելության կանոնների 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթին:
Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել:
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 321 սենյակ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 012-58-58-28
Էլ․փոստ՝ [email protected]
Ընդունող հանձնաժողով