Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության երրորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողները, ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի գլխավորությամբ, արտադրական պրակտիկայի շրջանակում այցելել էին Արագածոտնի մարզի համանուն համայնք: Նպատակն էր տեսնել՝ այստեղ տեղակայված արեւային կայանների կառուցման գեոդեզիական ապահովման աշխատանքները:
Պրակտիկան վարել են հիշյալ ամբիոնի աշխատակիցներ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Սողոմոնյանը եւ Արայիկ Հակոբյանը, որոնք դաշտային աշխատանքների ահռելի փորձ-փորձառություն ունեն: Իսկ դա նշանակում է, որ պրակտիկայի օրը շատ արդյունավետ, «գիտելիքառատ», հետաքրքիր, հագեցած է եղել:
– Ամբիոնից մեզ հետ տարել էինք էլեկտրական տախեոմետր, GPS Rover: Պրակտիկայի ղեկավարները ակնառու ներկայացրեցին հողաշինարարական աշխատանքների գեոդեզիական ապահովման բովանդակությունը, ապա՝ համակարգչային ծրագրերը, որոնցով մուտքագրվում են տվյալները,- պատմում է պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը:
Ուսանողներն իրականացրել են երկու բնույթի դաշտային չափում՝ հանույթագրում եւ նշագրում: Այնուհետեւ սովորել են չափումների արդյունքները համակարգիչ ներմուծելու հաջորդականությունը:
– Ուսանողների համար անչափ հետաքրքիր էր,- ասում է ամբիոնի վարիչը,- Համատեղ աշխատելու շատ լավ, օրինակելի մոդել էր սա: Եւ պետք է ջանանք, որ մյուս առարկաների տեսական ու գործնական գիտելիք-հմտությունների սերմանումն այսպես միահյուսված ու արդյունավետ լինի: