Կլիմայի փոփոխության բացասական հետեւանքների մասին խոսվում է ամենուրեք եւ տարբեր մակարդակներով: Իսկ թե ինչ թաքնված հնարավորություններ կան, մասնավորապես, ագրոլանդշաֆտի զարգացման համար՝ գիտեն Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնում, եւ դա առարկայորեն երեւաց հունիսի 7-ին ամբիոնի աշխատակիցների համար կազմակերպված սեմինարի ընթացքում: «Ռեսուրսային ներուժի գնահատմամբ ագրոլանդշաֆտի նոր հնարավորությունների բացահայտումը որպես կլիմայի փոփոխության հարմարողական կարողությունների զարգացման ուղի» թեմայով սեմինարը հարազատ ամբիոնի իր գործընկերների համար անցկացրեց ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանը:
Խորապես ուսումնասիրած լինելով թեման, բանախոսը խնդիրը դիտարկեց, մասնավորապես, հարակայուն գյուղատնտեսության նպատակների համատեքստում՝ շեշտելով, որ ագրոլանդշաֆտի տնտեսաէկոլոգիական համալիր կառավարումը եւ ագրոռեսուսրախնա մոտեցումները մեծապես կանխորոշում են ագրոէկոհամակարգերի թե արտադրողականության բարձր մակարդակը եւ թե էկոլոգիական հարակայունությունը:
Կլիմայափոխությունը օբյեկտիվ իրականություն է, որ մարտահրավերներից բացի նաեւ հնարավորություններ է ստեղծում: Հնարավորություններից կայուն ձեւով օգտվելու համար Թամոյանն առաջարկում է գնահատել հողային պաշարների ներուժի էներգիական արժեքը, համապատասխան բանաձեւերով հաշվարկել հողի ներքին էներգիան, հումուսային շերտի էներգիան, բացարձակ չոր պոտենցիալ բերքատվությունը, առավելագույն կայուն բերքը, Հայաստանի տարբեր երկրագործական շրջանների ագրոկլիմայական պաշարները եւ այլն:
Կլիմայի փոփոխության գյուղատնտեսական հետեւանքների մասին խոսելիս պարոն Թամոյանը ցույց տվեց, որ փոփոխվելու են մշակաբույսերի ագրոկլիմայական շրջանացման սահմանները, գյուղատնտեսության ճյուղերի տեղայնացումը եւ երկրագործության մասնագիտացումը:
Այս ամենն, անշուշտ, պահանջելու է հարմարվողականության եւ զարգացման համապատասխան պետական քաղաքականություն: Սեմինարը, դրա ընթացքում հնչած հարցուպատասխանը եւ ծավալված քննարկումը ցույց տվեցին, որ մենք որպես Ագրարային համալսարան պատրաստ ենք առաջարկել կլիմայափոխության մարտահրավերների հաղթահարման, դրա պոտենցիալ հնարավորությունների խելամիտ օգտագործման մեր բանաձեւն ու ճանապարհային քարտեզը: