Վարժարանը ճանապարհեց 93 շրջանավարտի

Այսօր՝ հունիսի 4-ին կայացավ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ավարտական դասարանների վերջին զանգի կամ վերջին դասի արարողությունը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ պրոռեկտորներ Մարիամ Մովսիսյանի ու Կարեն Մինասյանի մասնակցությամբ:

Հանգամանքների բերումով միջոցառումը չունեցավ ավանդական հանդիսավորությունն ու վարժարանի սաներին ու մանկավարժներին արժանի անպարագիր ուրախությունը: Սակայն, ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը տարբեր հոսքերի 12-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպումների ժամանակ, փոխհասկացողության եւ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսների հանդեպ գիտակցված պարտքի զգացողության մթնոլորտում կարեւորը հետագա քայլերի ճիշտ ընտրությունն է եւ այս առումով ծնողների, մանկավարժների եւ վարժարանի ու համալսարանի ղեկավարության կողմից ճիշտ ուղղորդումը՝ շրջանավարտներին մասնագիտական կյանք ճանապարհելու այս կարեւոր հանգրվանում:

Պարոն Ուռուտյանը վերհիշեց դպրոցն ավարտելու իր տարին՝ 1994 թվականը, որ դարձյալ լեցուն էր մարտահրավերներով, համազգային ու անձնական պատերազմական կորուստներով, բայց նաեւ՝ հաջողության հասնելու գործում համառ ու նպատակասլաց ձգտումով: «Զուգահեռներ անցկացնելով իմ եւ ձեր վերջին զանգի արարողությունների միջեւ, ես տեսնում եմ, որ դուք այսօր ավելի ուժեղ եք եւ հաջողության հասնելու ավելի լավ հնարավորություններ ունեք, քանի որ կարող եք օգտվել նորագույն տեխնոլոգիաներից: Մասնավորապես, ձեր հետագա ուսումը անընդհատ նորացող Ագրարային համալսարանում շարունակելու պարագայում, մրցունակ մասնագետներ դառնալու համար դուք կվայելեք ոչ միայն տեխնոլոգիական հնարավորությունները, այլեւ մեր մշտական հոգատարությունը»,- ասաց ռեկտոր Ուռուտյանը:

Ջերմորեն շնորհավորելով վարժարանի շրջանավարտներին, ռեկտորը շնորհակալություն հայտնեց վարժարան-համալսարան՝ նոր բովանդակություն ձեռք բերած գործընկերության օղակներին՝ աշակերտներին, մանկավարժներին, վարժարանի ղեկավարությանը եւ, անշուշտ, ծնողներին: Նա վարժարանի սաներին խնդրեց իր շնորահավորական եւ շնորհակալական խոսքը փոխանցել իրենց ծնողներին: Իսկ իր ամենակարեւոր ու հատուկ մաղթանքն ուղղեց վարժարանի բոլոր այն շրջանավարտ տղաներին, որոնք վերջին զանգից շատ կարճ ժամանակ անց համալրելու են Ազգային բանակի շարքերը:

Վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը, ջերմորեն շնորհավորելով այս տարվա 93 շրջանավարտներին, շնորհակալություն հայտնեց վարժարանի մանկավարժական հանրույթին՝ անմնացորդ նվիրման, ճգնաժամային իրավիճակներում մանկավարժի ու երկրի քաղաքացու բարձրության վրա մնալու համար: Նա  նաեւ շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ուռուտյանին՝ մշտական հոգատարության համար եւ նրան փոխանցեց նվեր, որը յուրահատուկ էր, առինքնող ու խորհրդանշական, քանզի պատրաստված էր համալսարանի՝ վերջին պատերազմում վիրավորված, իրենց հավատն ու կամքը դույզն ինչ չկորցրած եւ ռեկտորի ջանքերը բարձր գնահատող ուսանողների ձեռքով: Այն ձեռք են բերել վարժարանցիները՝ հանգանակության միջոցով: Ի դեպ, վարժարանը շարունակում է ամենամսյա հանգանակությունները, որոնք ուղղվում են Հայրենաիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

Շրջանավարտների անունից ռեկտորին եւ վարժարանի տնօրենին ու մանկավարժներին ուղղված երախտիքի խոսքով հանդես եկան Վլադիմիրը՝ 12-ի 3 դասարանից եւ Մարիամը՝ 12-ի 5-ից:

Գեղեցիկ ու բովանդակալից միջոցառումն ավարտվեց ավարտական լուսանկարով եւ պատերազմում զոհված վարժարանցիների լուսանկարներով օդապարուկների արձակմամբ՝ կարծես նրանց անմահ հոգիների ճախրանքը հասկանալու եւ գիտելիքով ու աշխատանքով կորցրածը ետ բերելու կոչ: Թիթեռ֊օդապարուկների հեղինակն էլ վարժարանի մանկավարժ Նելլի Խաչատրյանն է։