Սպանդանոցներում աշխատելու հավաստագրեր ստացավ եւս վեց անասնաբույժ

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի եւ Սննդի անվտանգության տեսչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի 2 փուլը:

6-շաբաթյա դասընթացի (5 շաբաթ տեսական և 1 շաբաթ գործնական՝ լաբորատորիաներում և սպանդանոցներում) ընթացքում մասնակիցները թարմացրել են իրենց մասնագիտական գիտելիքները և ձեռք բերել նորերը:

Այսօր ՀԱԱՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը հավաստագրեր հանձնեցին դասընթացի 2-րդ փուլի 6 մասնակիցների:

Պարոն Մինասյանը դասընթացի մասնակիցների հետ քննարկման ժամանակ ևս մեկ անգամ մատնանշեց սպանդանոցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք խնդիրներ՝ շեշտելով դրանց առանձնահատուկ դերը սպառնողներին անվտանգ սննդով ապահովելու գործում:

Արեւիկ Աբովյանը նշեց, որ դասընթացն ինքնանպատակ չէ, քանի որ սպանդանոցներում կարող են աշխատել միայն անասնաբուժական կրթություն ունեցող և հավաստագիր ստացած անձինք: Նա մասնակիցներին նաև տեղեկացրեց, որ ստեղծվում է տվյալների միասնական բազա, որը կհեշտացնի մասնագետի՝ աշխատանքի անցնելու հարցը: