Մայիսի 12-ին մասնագիտական կողմնորոշման հերթական հանդիպումների օր էր Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի համար, ընդ որում, դրանցից մեկը կայացավ առցանց, մյուսը՝ առկա:
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտների հետ առցանց հանդիպումը կազմակերպել էր Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դոցենտ Նելլի Գրիգորյանը: Պրոֆեսոր Ղազարյանը, իրեն բնորոշ հանդարտ, Հրանտ Մաթեւոսյանը կասեր՝ մեզանից ուրիշ ոչ մի պարտադրանք չտանող, ոճով, հստակ ու համոզիչ ներկայացրեց նորացվող Ագրարային համալսարանում տարբեր մասնագիտություններ սովորելու, հետազոտական աշխատանքներով զբաղվելու հնարավորությունները: Նա խոսեց փոփոխվող ուսանողական կյանքի, աշխատաշուկայում մեծ պահանջարկ եւ լավ հեռանկարներ ունեցող ագրարային տնտեսագիտության, ինչպես նաեւ ագրարային այլ մասնագիտությունների մասին, ցուցադրեց համալսարանի մասին պատմող տեսանյութ:
Պրոֆեսոր Ղազարյանին եւ տիկին Գրիգորյանին միացավ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, դոցենտ Աշոտ Ոսկանյանը, որը, ինչպես պարոն Ղազարյանը, այսօրվա դպրոցականին արդեն դիտարկում է որպես ապագա գործընկեր եւ հենց այդ դիտանկյունից էլ քննարկում Ագրարային համալսարանում սովորելու հնարավորության եզակիությունն ու առավելությունները, գյուղատնտեսության եւ հարակից ոլորտներում մասնագիտական հաջող կարիերա անելու նախադրյալները:
Կարմիրգյուղցի դպրոցականները եւ թիվ 2 դպրոցի փոխտնօրեն Գոհար Ենգոյանը հաճույքով ունկնդրեցին համալսարանի պատասխանատուներին, տվեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Այս հանդիպումից հետո պրոֆեսոր Ղազարյանը շտապեց TOPAS-ի համակարգչային լսարան՝ հանդիպելու Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների, հիմնականում տասնմեկերորդցիների հետ:
Արդի տեխնոլոգիաների ուսուցմանը ծառայող այս լսարանն արդեն ունի իր պատմությունն ու յուրահատուկ էներգետիկ դաշտը՝ նաեւ շնորհիվ համաշխարհային դարակազմիկ հայտնագործություններ կատարած հայերի նկարների: Այստեղ առաջին անգամ ոտք դնողը, անկախ իր ներկա կամ ապագա մասնագիտությունից, այնուամենայնիվ, փոքր-ինչ փոխված է դուրս գալիս: Պատահական չէ, որ մասնագիտական կողմնորոշման նպատակով համալսարան այցելող դպրոցականների հետ այս լսարանում հանդիպելիս պրոֆեսոր Ղազարյանն ամեն անգամ մի քանի րոպե է հատկացնում՝ նրանց ներկայացնելով համաշխարհային համբավ ունեցող մեր հայրենակիցներին եւ իրենց գործը:
Վարժարանի սաներն էլ ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները: Վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը խոստացավ հաջորդ այցին աշակերտների ավելի մեծ խմբով ներկայանալ եւ ավելի շատ ժամանակ նախատեսել համալսարանի տարբեր ստորաբաժանումներին ծանոթացնելու համար, մանավանդ՝ ամիսների եւ նույնիսկ շաբաթների ընթացքում համալսարանում կատարվող փոփոխությունները պետք է հասցնել տեսնել: