Վերապատրաստումներ. երբ սրահից հեռանում ես գլխացավով, բայց գոհ-հիացած

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոսների վերապատրաստումները շարունակվեցին կայուն գյուղատնտեսությանը նվիրված դասախոսությունների շարքով, որը վարում էր Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը:

Բոլոր նրանց, որոնք դասախոսություն ասելիս չոր ու ցամաք տեքստի ձանձրալի-միապաղաղ վերարտադրություն են պատկերացնում (լինում է նաեւ այդպես), հենց սկզբից հիասթափեցնենք, ճիշտ հակառակն էր:

Առաջին դասախոսության խումբ-հարցերը նվիրված էին բնապահպանական կայունությանը, արտադրության կազմակերպմանը, որը չի հասցնում ռեսուրսների դեգրադացման՝ աղճատման, ապահովում է առողջ ու անվտանգ շրջակա միջավայր: Կլիմայի փոփոխությունը ռիսկեր է պարունակում, սակայն նաեւ խթանում է բույսերի, կենդանիների, մարդկանց հարմարվողականության ջիղը:

Բանախոսը նկատեց, որ մասնագիտությունների խաչմերուկներում թափուր օղակներ ունենք, օրինակ՝ ագրոընկերաբանի, բնապահպան տնտեսագետի պատրաստման անհարժեշտություն կա…

Այնուհետեւ բոլորը միասին հախուռն, աղմկոտ, բայց փոխըմբռնումով դիտարկեցին գյուղն իբրեւ ընկերամշակութային միավոր՝ գյուղական ընկերաբանություն, ագրոընկերաբանություն: Խոսեցին «գյուղականության» ճգնաժամի մասին: Այնուհետեւ երկու խմբի բաժանված փորձեցին հստակեցնել ճգնաժամից ելքի առաջնահերթությունները եւ ուղիները:

Վերապատրաստման ավարտական փուլում հրավիրյալ փորձագետ Գայանե Աթոյանը ագրարային տնտեսագետներին հաճույքով ներկայացրեց եւ անկեղծ ու ինտերակտիվ ոճով  քննարկեց շրջանաձեւ տնտեսության էությունը, փիլիսոփայությունը եւ մեր երկրում դրա իրականացման «շանսերը»: Հետաքրքրությամբ իմացավ, որ մեր համալսարանի Զարթոնք հանգստյան տանը կառուցվող նորարարական ագրոճամբարում կիրառվելու է շրջանաձեւ տնտեսության մոդել՝ փակ արտադրական շրջափուլով, վերականգնվող էներգիայի աղբյուրով, այլ բաղադրիչներով, ներառյալ՝ համակարգային մտածողությունը:

Էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Գեւորգյանին եւ տիկին Աթոյանին անչափ հետաքրքիր եւ արդյունավետ աշխատանքի համար, որի շարունակությունն են ակնկալում՝ պահանջելու պես:

Իսկ շարունակություն, դատելով ըստ ամենայնի, լինելու է տեսանելի ապագայում՝ Էմիլ Գեւորգյանի ջանքերով տնտեսագետները կհանդիպեն ու համատեղ քննարկումներ կկազմակերպեն անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի աշխատակիցների հետ: