Հաղթահարելով համավարակը. մեր բասկետբոլիստները պատվավոր 3-րդ տեղում են

Ավարտվել է Ուսանողական մարզական 21-րդ խաղերի գարնանային փուլը, որը համատեղ անցկացնում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Ընդհանուր առմամբ խաղերին մասնակցել է շուրջ հինգ հարյուր ուսանող 15 բուհերից:

ՀԱԱՀ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ Սուրեն Հակոբյանից տեղակացանք, որ Ագրարային համալսարանի տղաների թիմը 3×3 բասկետբոլի առաջնությունում գրավել է պատվավոր 3-րդ տեղը: Պարոն Հակոբյանը գոհ է մեր տղաների ցուցադրած արդյունքից՝ հաշվի առնելով մարզաձեւի առանձնահատկություններով պայմանավորված դժվարությունները եւ հզոր մրցակցությունը: Աշոտ Գալուստովը, Պետրոս-Գեւորգ Պետրոսը՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետից եւ Սամուել Դարբինյանն ու Մայքլ Մարտիկեանը՝ վարժարանի 11-րդ դասարանից, արժանավայել ու դիտարժան խաղ ցուցադրեցին:

Ամբիոնի վարիչն, անշուշտ, կարեւոր է համարում ուսանողների եւ մարզչի՝ Արսեն Բեգլարյանի մարզական հաջողությունը: Սակայն, նրա կարծիքով, պակաս կարեւոր չեն, նույնիսկ ավելի կարեւոր են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի քարոզն ու այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը:

Կազմակերպիչները հենց այդ նպատակն էլ հետապնդում էին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված ոչ ակտիվ կենսակերպը փոխարինել ֆիզիկական ակտիվության եւ առողջ ապրելակերպի միջոցառումներով։