Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ Ագրարային համալսարանի գործակցության դինամիկ ընթացքը երեւան է հանում հենանիշներ, որոնք սկսում են «խոսել» գիտության արդյունքների առեւտրայնացման, ուսուցման մեթոդաբանության եւ ուսումնական նյութի շարունակական արդիականացման եւ երիտասարդների համար գիտությունը գրավիչ դարձնելու մասին: Ինչպես վերջերս նշել է FAST հիմնադրամի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը, այս ամենին մեծապես օգնում է Ագրարային համալսարանում իրականացվող արդիականացման «ակնհայտ հաջող ընթացքը»:
FAST հիմնադրամի հետ վերջերս ենք տվել «Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում» մոդուլի մեկնարկը: Այսօր արդեն մեր գործընկեր հիմնադրամի հետ համատեղ համալսարանում հիմնվում է Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ։
Համալսարանի ագրոտեխնոլոգիական առաջընթացի այս նոր հասցեն՝ Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը, մասնավորապես, մեծապես կնպաստի կենսատեխնոլոգիական ստարտափների զարգացմանը:
Ինկուբատորը կտեղավորվի գլխավոր մասնաշենքի՝ Տերյան փողոցին հարող հատվածի առաջին հարկում, այն հարկաբաժնում, որը նախկինում զբաղեցրել է Երիտասարդական հիմնադրամը: Այժմ բուռն թափով ընթանում են շինվերակառուցողական աշխատանքներ, որոնք իրականացնում է Միգման ՍՊ ընկերությունը։