Գայանե Ավագյանը շարունակում է վնասատուների դեմ պայքարի դասընթացները

Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը շարունակում է վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարի դասընթացներ անցկացնել տարբեր մարզերի ֆերմերային խմբերի համար: Նպատակային խորհրդատվական միջոցառումների այս շարքը տիկին Ավագյանն անցկացնում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի եւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի՝ ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» նախագծի շրջանակում:

Ապրիլ ամսվա ընթացքում տիկին Ավագյանը երկու առիթ ունեցավ հանդիպելու գեղարքունիքցի ֆերմերների հետ՝ ամսվա սկզբին՝ Ճամբարակում, իսկ ապրիլի 19-ին Հայրավանքում: Առաջին դեպքում սեմինարի թեման վերաբերում էր խնձորենու եւ տանձենու, իսկ երկրորդ դեպքում՝ ցորենի և գարու վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարին: Թեմաները հրատապ են, ընտրված մշակաբույսերը՝ տվյալ տարածաշրջանին բնորոշ:

Երկու սեմինարներն էլ անցկացվել են CARD հիմնադրամի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոններում:

Թե տիկին Ավագյանը եւ թե առհասարակ Ագրարային համալսարանի մասնագետները գոհունակությամբ են ընդունում գյուղացու հետ աշխատելու, նրան ոլորտում եղած նորագույն գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու ամեն մի հնարավորություն: Տվյալ դեպքում այդ հնարավորությունը ստեղծել են մեր վերոնշյալ գործընկեր կազմակերպությունները: Մերոնք մեծ պատասխանատվությամբ են ստանձնում եւ իրականացնում այդ գործը, իսկ լսարանը, ինչպես տիկին Ավագյանի դեպքում է, միշտ շնորհակալությամբ է ընդունում ստացած նոր գիտելիքները: