ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների մասնագիտական իրազեկման, մասնագիտության առանձնահատկություններին ծանոթացնելու եւ ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշելու եւ շահադրդելու ձեւերից մեկը արտաժամյա բաց դասերի կազմակերպումն է: Քոլեջի եւ համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները հավաստիացնում են, որ նման բաց դասերը շարունակական են լինելու՝ տարբեր մասնագետների ներգրավմամբ:
ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, քոլեջի տնօրենի տեղակալ Լիանա Խաչատրյանի ուղեկցությամբ, այդպիսի բաց դասի մասնակցելու հնարավորություն էին ստացել ՀԱԱՀ ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում: Ի դեպ, կենտրոն այցելությունների հաճախականությունն ու այցելուների կազմը թույլ է տալիս ենթադրել, որ այն, զուտ ուսումնահետազոտական կենտրոն լինելուց զատ, ագրոտուրիզմի հետաքրքիր նպատակավայր դառնալու ներուժ ունի:
Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը քոլեջի ուսանողներին սիրով ծանոթացրեց նորագույն ջրաչափական եւ հողաշինարարական գործիքներին, ջրի որակի անալիզ կատարեց, խոսեց Հայաստանի Հանրապետության համար հողաշիանարարի մասնագիտության կարեւորության, մասնագիտական ֆիլմեր դիտելու, մասնագիտական վարպետության անընդհատ կատարելագործման անհրաժեշտության մասին:
«Այսպիսի արտաժամյա դասընթացները ուսանողներին կդրդեն մտածել մասնագիտության մասին նաեւ դասերից դուրս՝ ավելի գործնական եւ մասնագիտությանն ավելի մերձ միջավայրում: Հողային եւ ջրային ռեսուրսների հետազոտական կենտրոնը հենց այդպիսի միջավայր է», – ասում է Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Արմինե Համբարձումյանը: