Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը եւ ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը ապրիլի 15-ին հատուկ հյուրեր ունեին՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Անաստասիա Գուլյանը, Լեւոն Հարությունյանը եւ Արման Հարությունյանը: Պատանի հյուրերին նրանք ջերմորեն ընդունեցին ամբիոնի Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի լաբորատորիայում:
Բանն այն է, որ Հերացի դպրոցի սաները պատրաստվում են պատանի քիմիկոսների ամենամյա մրցույթին, որի ժամանակ իրենց ներկայացնելիք աշխատանքը վերաբերում է բուսական հումքից եթերայուղերի կորզմանը: Մրցույթում պատշաճ ձեւով հանդես գալու եւ իրենց փորձարարական աշխատանքը ներկայացնելիս հաջողություն ունենալու ակնկալիքով էլ դիմել էին ՀԱԱՀ Ընդհանուր քիմիայի ամբիոնին:
Պրոֆեսոր Քամալյանի ղեկավարությամբ իրականացնելով իրենց փորձերը, երեխաները ոչ միայն հասկացան եթերայուղերի կորզման գործընթացի նրբությունները, այլեւ պրոֆեսորի հետ հանդիպման հնարավորությունն օգտագործեցին ստանալու իրենց հետաքրքրող բազմաթիվ մասնագիտական հարցերի պատասխանները:
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ցանկություն հայտնեցին նորից այցելել Ագրարային համալսարան: Նրանք նաեւ հանդես եկան հետաքրքիր, եւ որ կարեւոր է՝ ոչ եսասիրական առաջարկով՝ ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոն հրավիրել նաեւ մարզերի երեխաների, որ նրանք էլ իրենց պես կարողանան օգտվել մեր մասնագետներից սովորելու եւ լաբորատորիաներից օգտվելու հնարավորությունից: