Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսխորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների ջանքերով հանդիպման էին հրավիրվել BOOR բրենդինգի հիմնադիր Աշոտն ու մարկետինգային ընկերության հիմնադիր Տիգրանը: Ուսանողներին ձեռներեցության այբուբենը փոխանցելու, միասին քննել-քննարկելու հերթական քայլն էր սա:
Աշոտն իր խոսքը սկսեց 15.000 տարվա հեռավորությունից: Մոտավորապես այդքան է թվագրվում արվեստի, բրենդավորման ծագումը: Նա մեկնաբանեց նաեւ, թե ի՞նչ է բրենդավորումը, դրա կառուցման-իրականացման փուլերը (շուկայի ուսումնասիրություն, պլանավորում, թիրախներ), ընդգրկուն իմաստով՝ փիլիսոփայությունը: Ըստ բանախոսի՝ բրենդավորումը, ամեն ինչից զատ՝ հենց տեսողական տեղեկատվության փոխանցումն է:
Տիգրանը հանգամանորեն համադրելով դիտարկեց մարկետինգի շուրջ կերտված առասպելներն ու իրողությունները: Շուկայաբանը պետք է կարողանա մտածել սպառողի նման, սպառողի մասին: Պետք է հրաշալի իմանա սպառողի պահանջներն ու շուկայի զարգացման տրամաբանությունը: Տիգրանի համոզմամբ, ժամանակակից կյանքում ամեն ինչ կարող է ավտոմատացվել, մարկետինգից բացի:
Մեր հյուրերը բոլոր օրինակները դիտարկում էին համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների փորձի վրա հիմնվելով: Ներկաներից մեկի այն հարցին, թե ի վերջո ինչո՞վ են տարբերվում բրենդինգն ու մարկետինգը, Աշոտն ու Տիգրանը համերաշխորեն պատասխանեցին ամբողջի անբաժանելի, փոխկապակցված, հավասարազոր մասերն են: «Գրեթե քույրեր, մեր դեպքում՝ ախպերներ…»,- տղաները պատկերավոր, կեսկատակ-կեսլուրջ, ավարտեցին հանդիպումը: