Ապրիլի 8-ին ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում մարդաշատ էր, իսկ հյուրերի թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ինչպես նաեւ ՀԱԱՀ պրոռեկտորներ Կարեն Մուրադյանը եւ Հրաչյա Զաքոյանը: Առիթը մասնաշենքում կաղապարվածքներով, կովերի եւ խոզերի արհեստական սերմնավորման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, մանարդիտակներով, ջերմաչափերով ու անասնաբուժական այլ սարքավորումներով ու գործիքներով հագեցած լսարանի բացումն էր:
Ինչպես նկատեց Հրաչյա Զաքոյանը, լսարանի բացումը ՀԱԱՀ-ի Անանասնաբուժական գիտակրթական գերազանցության կենտրոնի մեծ նախագծի իրականացման մեկնարկային փուլն է, որ ապագա անասնաբույժներին գործնական մասնագիտական հմտություններ ու փորձ ձեռք բերելու աննախադեպ հնարավորություններ է տալիս: Պարոն Զաքոյանը երախտիքի խոսք ուղղեց, նաեւ՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի անունից, այս սպասված հանգրվանի իրականություն դառնալու գործում իրենց մասնաբաժինն ունեցող կազմակերպություններին՝ էկոնոմիկայի եւ ԿԳՄՍ նախարարություններին, Համաշխարհային բանկին, Նորարարությունների մրցակցային հիմնադրամին, ՍԱՏՄ-ին: «Շնորհակալություն գործակցության բոլոր կողմերին, որոնցից յուրաքանչյուրն իր դերակատարությունն է ունեցել եւ ունենում ոչ միայն համալսարանի, այլեւ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող այս ձեռքբերման մեջ»:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը համոզմունք հայտնեց, որ լսարանային ու լաբորատոր նման արդիական հագեցվածությունը նպաստում է գործնական ուսուցման նպատակների իրականացմանը: «Ուսանողն այլեւս կտրված չի լինի իրականությունից, այլ մասնագիտությունը կյուրացնի իրականությանն առավել մոտ պայմաններում: Այս առումով շատ բարձր եմ գնահատում համագործակցության բոլոր կողմերի ներդրումը ոլորտի զարգացման համար շատ կարեւոր այս նախագծում», – նշեց պարոն Խոջոյանը:
«Իսկապես ստեղծված են իրականությանն առավել մոտ պայմաններ՝ կենդանիների կաղապարվածքները, դրանցում տեղադրված օրգանների իրական չափերն ու քաշը, դրանք փոփոխելու հնարավորությունը՝ ըստ տվյալ դասի թեմայի եւ ըստ անհրաժեշտության: Եվ սա դեռ մեր նախագծի իրականացման սկիզբն է, ամռանը կունենանք երկրում եւ տարածաշրջանում եզակի գերազանցության կենտրոն»:
Անասնաբուժականի դեկանի տեղակալ Սոնա Ծառուկյանն էլ նշեց, որ կենտրոնում բնականին առավելագույնս մոտ պայմաններում ուսուցումը ուսանողներին թույլ կտա համալսարանի Բալահովիտի տնտեսությունում գործնական փորձ ձեռք բերել՝ կենդանիներին զերծ պահելով ավելորդ ստրեսից: Դա վերաբերում է տարբեր գործընթացների, սկսած եղջերատումից, կճղակների մաքրումից մինչեւ նորմալ ու բարդ ծննդօգնությունը: Այս ամենը հնարավոր կլինի Բալահովիտի տնտեսության՝ նախատեսված վերակառուցումից հետո, որն, ի դեպ, ներառում է կաթնամթերքի արտադրության վարպետաց դպրոցի կառուցումը:
Ստացված սարքավորումները եւ դրանց գործառույթները հավաքվածների համար ներկայացրեց Սմարթ Ագրո ընկերության տնօրեն, Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանը:
Իսկ ահա փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը եւ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ինքնաբուխ կերպով հագուրդ տալով մասնագիտական կարոտին, մեծ հաճույքով ներկաների համար ցուցադրեցին ռեկտալ ստուգման եւ արհեստական սերմնավորման գործընթացները: