ՀՀ Ազգային Ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը մարտի 15-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարան կատարած այցի ընթացքում ծանոթացավ համալսարանում իրականացվող բարեփոխումներին, այցելեց նորաստեղծ որոշ ենթակառույցներ:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի եւ ՀԱԱՀ Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի օգնությամբ պարոն Ղալումյանը ծանոթացավ ընթացիկ նախագծերին ու ծրագրերին: Շահագրգիռ ու գործնական խոսակցություն ծավալվեց գյուղատնտեսության ոլորտում եղած կադրային լուրջ խնդիրների, գյուղխորհրդատվության համակարգի հետընթացի, բնական էկոհամակարգերը չխաթարող արդիական գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտության վերաբերյալ:
Վահե Ղալումյանը մասնավորապես շեշտադրեց հողի եւ բույսերի ճշգրիտ անալիզների, գյուղատնտեսական գիտության առեւտրայնացման գաղափարախոսությունը եւ խորհրդատվության համակարգի արմատական բարելավման անհրաժեշտությունը: Պարոն Ղալումյանի հիմնական մտահոգությունը մնում է մասնագետ կադրերի պակասը, որը զգացվում է ամենուրեք՝ գյուղական համայնքներից մինչեւ ոլորտը կառավարող գերատեսչություններում:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հակիրճ անդրադարձավ համալսարանում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրեց ընթացիկ նախագծերը, մասնավորապես Ֆրուտենիա, Ագրոճամբար, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն մեգանախագծերը, որոնք երկրի համար նոր որակի կադրեր պատրաստելու լուրջ հեռանկարներ են բացում:
Նոր կադրերի պատրաստմանը զուգընթաց Ագրարային համալսարանը կարեւոր է համարում նաեւ գործող մասնագետների, ֆերմերների վերապատրաստումները, ցկյանս կրթությունը: Այս առումով Տավուշի մարզում Էմիլ Գեւորգյանի ղեկավարությամբ համալսարանի իրականացրած ծրագիրը հետաքրքիր է եւ արդյունավետ իր ուսումնախորհրդատվական (մշակությունից մինչեւ փաթեթավորում) եւ ընդհանուր արժեշղթաների ուսումնասիրության բաղադրիչներով:
«Այս եւ մեր մասնագետների իրականացրած համանման այլ ծրագրերը ցույց են տալիս, որ սկսած սերմ-հող-մշակաբույս համադրումից մինչեւ շուկայահանում եւ արժեշղթաների վերլուծություն ամբողջ շղթայում կա մեր մասնագետների խորհրդատվության կարիքը, եւ համալսարանն է, որ իր առկա մարդկային ռեսուրսներով եւ փոխակերպվող տեխնոլոգիական հնարավորություններով պիտի կենտրոնացնի գյուղատնտեսական խորհրդատվության կարեւորագույն ոլորտը»,- ասաց ռեկտոր Վարդան Ուռուտյանը:
Վահե Ղալումյանը ոլորտի առջեւ ծառացած կադրային խնդրի լուծման կարեւոր բանալի է համարում մարզերից Ագրարային համալսարան եկած ուսանողներին ավարտելուց հետո իրենց մարզերում աշխատանքի հնարավորություն ստեղծելը: Այս առումով վիճակն առայժմ մխիթարական չէ, նույնիսկ՝ որոշ մարզերում արդեն հիմնադրված նորարարական ագրոբիզնեսների ստեղծած հնարավորությունների համատեքստում:
ԱԺ հանձնաժողովի նախագահն այնուհետեւ այցելեց Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոն, ուսումնական ջերմատուն, Ի-Վի-Էն գինու ակադեմիայի լաբորատորիա եւ համտեսի սրահ:
Այցի ավարտին պարոն Ղալումյանն ուրախություն եւ գոհունակություն հայտնեց եւ հեռանալուց առաջ խոստացավ ավելի հաճախ այցելել: