Հարթագյուղը՝ Աստղիկ հիմնադրամի միջամտությունից առաջ եւ հետո. փորձուսուցման գերազանց հնարավորություն

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի փորձուսուցումների համակարգող Նաիրա Ավետյանի հրավերով Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների հետ հիշարժան հանդիպում ունեցավ Աստղիկ բարեգործական հիմնադրամի համամիմնադիր Մարիամ Անտոնյանը: Հիմնադրամը հայտնի է, մասնավորապես, Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում իր իրականացրած գյուղատնտեսական նախագծերով, որոնք, ըստ էության, գլխիվայր շրջել են այդ համայնքում մարդկանց պատկերացումները գյուղատնտեսության մասին, մեծապես նպաստել գյուղում մնալու եւ գործելու՝ բազմաթիվ հարթագյուղցիների որոշմանը:

Ուսանողների համար շատ հետաքրքիր էր ծանոթանալ հիմնադրամի հաջողության պատմությանը, որն, ըստ էության, դարձել է հարթագյուղցիների հաջողության պատմությունը: Սա առարկայական ու պատկերավոր օրինակ է, թե ավանդապաշտ, օրվա հոգսի բեռան տակ խեղճացած, հիասթափված եւ արտագաղթի «ցուպը» ձեռքն առնելու պատրաստ գյուղացուց ինչպես կարելի է կերտել սեփական հողի վրա ամուր կանգնած գյուղատնտեսական բիզնես վարող անհատի:

Հիմնադրամը մեկ-երկու տարվա ընթացքում կարծեք թե միանգամից շատ բան լցրեց մեկ կաթսայի մեջ՝ հիմնելով համայնքի համար ոչ ավանդական մի շարք մշակաբույսերի (ոսպ, հնդկացորեն) ցանքատարածքներ՝ երկար տարիներ չմշակված հողերում հողի նախացանքային մշակության տեւական, դժվարընթաց աշխատանքներով, օրգանական գյուղատնտեսության գործելակերպով եւ Նիդերլանդներից բերված հավաստագրված օրգանական սերմերով, ջերմատնով, մեղվաբուծության ծրագրով՝ համապատասխան դասընթացով եւ փեթակներ տրամադրելով, առաջիկայում՝ նաեւ ագրոտուրիզմի ծրագրով, որի նպատակով արդեն պատրաստ է եւ գործում է հյուրատունը…

Այս բոլորին առնչվող տարատեսակ դժվարությունները հիմնադրամի թիմը հաղթահարել է՝ համբերատար, պրոֆեսիոնալ աշխատանքով եւ գյուղացու «թաքնված» հնարավորությունների հանդեպ վստահությամբ: «Բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով՝ մենք շատ բան ենք փոխել գյուղում, սակայն ամենակարեւոր փոփոխությունը, որին մեզ հաջողվել է հասնել, այն է, որ գյուղացին այսօր գյուղատնտեսությունը համարում է բիզնես»,- ասում է տիկին Անտոնյանը:

Նախքան 2018թ.-ին Աստղիկ հիմնադրամի կողմից Հարթագյուղի՝ գյուղատնտեսական առումով երեսնամյա անդորրի խախտումը, համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի 70-80 տոկոսը չէր մշակվում: Այսօր չմշակվող հողերի 50 տոկոսը նորից դարձել են մշակովի: Ծրագրի շահառուների թիվը առաջին տարում միայն 5-ն էր, երկրորդ տարում՝ 20, իսկ երրորդում նրանց թիվը հասել է 54-ի: Ընդ որում, մասնակցելու հարցում լրջորեն հետաքրքրվում են նաեւ հարեւան համայնքների բնակիչները:

Պետք է նշել, որ ի դեմս Ագրոնոմիականի ուսանողների այս խմբի՝ տիկին Անտոնյանն ուներ երիտասարդ գործընկերների արժանի լսարան, որ բավականին լավ պատկերացում ունի գյուղատնտեսության արդիական զարգացումների վերաբերյալ: Եվ քանի որ լսարանի մեծամասնությունը հենց գյուղական շրջաններից էին, տիկին Մարիամ Անտոնյանի հորդորն էր՝ վերադարձեք ձեր համայնքներ ու պատմություն կերտեք:

Բանախոսին շնորհակալության իր խոսքում Նաիրա Ավետյանը հայտարարեց, որ ուսանողները հաջողության պատմություններ կերտած այսպիսի անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ոչ միայն հանդիպումների, այլեւ նրանց մոտ փորձուսուցում անցնելու հնարավորություն կունենան: