Ագրարային համալսարանի եւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի՝ երկու տարի առաջ սկսված համագործակցությունը հետեւողականորեն շարունակում եւ զարգացնում են, մասնավորապես, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը, ուսուցչական հանրույթը եւ իհարկե աշակերտները: Վարժարանի սաների եւ կենտրոնում բուժվող զինվորների բարեկամական կապերը գնալով ամրապնդվում են: Կարելի է ասել, վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանն իր հետեւողական աշխատանքով արդեն հասել է երեխաների ու զինվորների ջերմ, բարեկամական ու բովանդակալից կապերը «ավտոպիլոտի ռեժիմ» փոխադրելու նպատակին:
Աշակերտներն իրենք են այժմ հանդես գալիս հետաքրքիր ու օգտակար նախաձեռնություններով: Դրանցից վերջինը նրանք անվանել են «Մեկ շոկոլադ զինվորին», որի շրջանակում օրերս ուսուցիչների հետ այցելեցին Վերականգնողական կենտրոն՝ այնտեղ առողջությունը վերականգնող իրենց զինվոր ընկերներին տանելով քաղցրավենիք, մրգեր ու գրքեր: Գրքեր, որ հաճույքով են կարդում զինվորները, նույնիսկ բարդ վիրահատությունների ենթարկվածները: «Մեկ շոկոլադի» գաղափարը երեխաները հղացել են երկար քննարկումներից հետո. իմաստն այն է, որ ամսական մեկ շոկոլադի գնով կարելի է էական օգուտ տալ Հայրենիքի համար առողջությունը չխնայած մեր հերոսներին՝ եթե բոլորը մասնակցեն:
Ելնելով համավարակի հնարավոր վտանգներից, կենտրոն այցելեցին սահմանափակ թվով աշակերտներ, սակայն դրամահավաքին մասնակցել են բառացիորեն բոլորը. ահա այս մշակույթն է, որ վարժարանի ղեկավարության ջանքերով դարձել է բոլորի սեփականությունը եւ ակնհայտ է, որ նրանք այդ մշակույթը վաղը իրենց հետ բերելու են համալսարան:
Վարժարանի սաները որոշել են «Մեկ շոկոլադ» ակցիան անցկացնել ամեն ամիս: