Ագրարայինը ՏՏ ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակման եւս մեկ միջազգային հարթակում է

Փետրվարի 10-12-ին կայացավ Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում/GeoTAK» վերնագրով նախագծի մեկնարկային հեռահար հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին  իրենց հաստատությունները և ակնկալիքները  մեկնարկող ծրագրից: Յուրաքանչյուր համալսարան ներկայացրեց գործող հետբուհական ծրագրերը և դրանց վերանայման ու հավատարմագրման հետագա ուղիները:

Նախագծի համակարգողը Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանն է: ԵՄ գործընկերներն են Շվեդիայի Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտը, Բրյուսելի Վրիջ համալսարանը եւ Լյուբլյանայի համալսարանը: Հայաստանյան գործընկերներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Կադաստրի պետական կոմիտե եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Ղրղզստանյան գործընկերներն են Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը, Ղրղզստանի հանքարդյունաբերության պետական համալսարանը, Օշի տեխնոլոգիական պետական համալսարանը, Ղրղզստանի քարտեզագրության և գեոդեզիայի պետական ծառայությունը եւ Ղրղզստանի կրթության և գիտության նախարարությունը:

Նախագծի հիմնական նպատակն է զարգացնել հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերը աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում  և ամրապնդել հետազոտական և նորարարական կապերը Հայաստանի հանրապետության և Ղրղըզստանի Բարձրագույն ուսումնական հաստատությունների, արդյունաբերության և վարչարարական համակարգերի միջև:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը մասնակցում էր հանդիպմանը, կարեւոր համարեց նախագծի դերը բուհերում հետազոտությունների, նորարարության եւ արդյունաբերության միջեւ կապերի ամրապնդման տեսակետից: «Հայաստանյան բուհերն այժմ գտնվում են մի փուլում, երբ փոփոխում են ուսուցման և դասավանդման հարաբերություններն արդյունաբերության հետ, հետևաբար անհրաժեշտ է ստեղծել միջոլորտային ծրագրեր, որոնք կկապեն տարբեր համալսարաններ և կստեղծեն սիներգիա: Ակնկալում ենք, որ ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա ուսանողների՝ աշխատաշուկա մուտք ապահովելու առումով, ինչպես նաև կնպաստի հետազոտողների նոր կարողությունների ձեռքբերմանը և լաբորատորիաների հզորացմանը»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:

«Աշխարհատեղեկատվական համակարգի կարիքների բացահայտման եւ համագործակցող երկրների միջեւ հետազոտական հանգույցների ձեւավորման, GIT լաբորատորիաների վերազինման, դասախոսական կազմի վերապատրաստման եւ  կրթական համապատասխան ծրագրերի մշակման եւ այլ գործիքների միջոցով ակնկալվում է ամրապնդել եւ նորովի իմաստավորել համալսարաններ – արտադրություն կապը, իրականացնել բազմամասնագիտական կրթական ծրագրեր», – ասում է ՀԱԱՀ Ջրային ռեսուսրների կառավարման ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը:

Տիկին Ալոյանը նշում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալասարանը մեծ ներուժ ունի հեռազոնդավորման (RS) և աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) օգտագործման գործընթացն առաջնորդելու համար:

ԱՏ տեխնոլոգիաները կօգտագործվեն մասնավորապես հողերի կառավարման  և գյուղատնտեսական արտադրության մշտադիտարկում իրականացնելու նպատակով:

«ԱՏ տեխնոլոգիաներն ու գործիքները ուղղակի ազդեցություն ունեն հողերի արդյունավետության բարձրացման, հիվանդությունների վերահսկման, երկրի գյուղական բնակավայրերի տնտեսության բարելավման առումով: Ուստի առաջին պլան են մղվում GIT նոր ենթակառույցների ստեղծումն ու մասնագետների վերապատրաստումը»,- նշում է նախագծի ՀԱԱՀ-ի համադրող Գուրգեն Եղիազարյանը:

Ակնկալվում է, որ ՀՀ կառավարությունը կխթանի և կկարգավորի միասնական  ասպիրանտական ծրագրերը, որոնք պետք է բարելավվեն և օրգանական կապ ունենան երկրի արդյունաբերության հետ: