Խոսքը երկու դավադիր, նենգ թշնամու մասին է՝ թուրք եւ թագաժահր: Դրանք փոխկապակցված են, փոխլրացնող, եւ մի ճակատում զգոնության թուլացումը հայելային արտացոլում կարող է ունենալ առաջնագծում, ռազմի դաշտում: Ուրեմն պարտավոր ենք, հանուն Հայրենիքի, պատերազմական ժամանակաշրջանի օրենքով, զինվորական կարգապահությամբ-պատասխանատվությամբ մոտենալ խնդրին: Անփութությունը, անլրջությունը, սին ինքնավստահությունը, թե «ինձ ոչինչ չի պատահի, ես առողջ եմ», հավասարազոր են դասալքության, անգամ դավաճանության…
ՀԱԱՀ ղեկավարությունը հետեւողականորեն աշխատակիցներին և ուսանողներին հորդորում է՝ խստագույնս պահպանել անձնական հիգիենայի կանոնները, սոցիալական հեռավորությունը եւ ամենակարեւորը՝ քամահրանքով չնայել դիմակ կրելու անհրաժեշտությանը: Կարծես պարզից էլ պարզ է, իսկ խուսափողների, կարգազանցների հանդիպում ենք ամեն քայլափոխի, անդադար:
Սա էլ մեր ռազմի դաշտն է, որտեղ պարտվելու իրավունք նույնպես չունենք: Կշեռքի երկու նժարին էլ հայ մարդու կյանքի, լինելության հարցն է դրված: Դրված է սուր, առանց այլընտրանքի: Իսկ մենք, ինչպես Պատմահայրն է ասել հազարամյակներ առաջ՝ «փոքր ածու ենք» եղել եւ ենք՝ բոլոր ժամանակաշրջաններում: Մեզնից յուրաքանչյուրը պարտք ունի Հայրենիքին տալու: