Սյուզաննա Փիլոսյան
Թանգարանի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 422 սենյակ - (+374) 10 58-79-32, ներքին 2-30
- [email protected]
1980 թվականին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը տոնել է իր 50-ամյա հոբելյանը: Այդ առիթով կազմակերպվել է ցուցահանդես, ուր ներկայացվել են բազմաթիվ արխիվային և փաստացի նյութեր: Ահա այդ նյութերի հիման վրա էլ ինստիտուտի այդ տարիների ռեկտոր Մ.Ա.Գյուլխասյանի անմիջական ղեկավարությամբ որոշվել է ստեղծել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատմության թանգարանը, որի բացումը տեղի է ունեցել 1985 թվականի հոկտեմբերին: Թանգարանի նյութերի հավաքելու ու պահպանելու հարցերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարվել է Ց.Մ.Գալստյանին: ՀԳԻ ռեկտորի 1985թ. հուլիսի 25-ի թիվ 87/6-ս հրամանով կազմվել է պատմության թանգարանի գիտամեթոդական խորհուրդ` ռեկտորի նախագահությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվել են Ա.Մատթևոսյանը, Մ.Մելիք-Բախշյանը, Ա.Գևորգյանը, Հ.Կարապետյանը, Ս.Զաքարյանը, Վ.Նիկողոսյանը, Հ.Սուքիասյանը, Կ.Ներսիսյանը: Թանգարանի պատմությանը վերաբերող փաստաթղթերի ձեռք բերման հարցում մեծապես աջակցել են հանրապետական արխիվի վարիչներ Ս. Հարությունյանը և Պ. Սաֆյանը, ինչպես նաև ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները:
Տարիների ընթացքում թանգարանի հավաքածոն համալրվել է, և այսօր ցուցադրությունում ներկայացված է շուրջ 400 առարկա: Առանձնահատուկ ուշադրության են արժանի համալսարանի հիմնադրման վերաբերյալ ներկայացված հարուստ փաստագրական նյութերը, հայկական կենցաղի հետ կապված գյուղատնտեսական գործիքները, սափորները /մթա 2-րդ հազարամյակ/, կժերը, կճուճները, խնոցիները, կամը (երկրագործական գործիք), երկանքները, հնագույն կարպետները, ինչպես նաև գեղանկարները, քանդակները, դեկորատիվ-կիրառական արվեստի այլ նմուշներ:
Պարբերաբար ՀԱԱՀ-ի պատմության թանգարան են այցելում մայրաքաղաքի և մարզեր տարբեր դպրոցների աշակերտներ, գյուղատնտեսությամբ հետաքրքրվող այցելուներ, համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, արտասահմանյան շատ երկրների ուսումնական հաստատություններից ժամանած հյուրեր և այլն: