Ռեկտորատի այս տարվա առաջին նիստում հուշագիր ստորագրվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ռեկտորատի այս տարվա առաջին նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Նիստի սկիզբը նշանավորվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմամբ. այդ նպատակով ռեկտորատի նիստին ներկա էր ՇՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Պարոն Ուռուտյանը, ներկաներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց պարոն Թոքմաջյանին` ՀԱԱՀ պատվիրակության` Արցախ կատարած վերջին այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Հասունացել է պահը, որ հուշագրով ամրագրենք մեր հին ու նոր պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են վերապատրաստումների նոր շարքի կազմակերպմանը, համատեղ հետազոտական ծրագրերի հայտեր ներկայացնելուն, գործակցության տարատեսակ այլ հնարավորություններին, ներառյալ կրկնակի դիպլոմ տրամադրելու հնարավորությունը», – ասաց ռեկտոր Ուռուտյանը:

«Ինձ համար հուզումնալից պահ է, երջանիկ եմ, որ դիմակներից վեր տեսնում եմ հարազատ աչքեր եւ նորից շփվում եմ ձեզ հետ: Վստահ եմ, որ չկա մի խնդիր, որ մենք համատեղ լուծելու ունակ չլինենք: Շնորհակալություն եմ հայտնում Ագրարային համալսարանի պատվիրակության այցի համար. մեր դասախոսներն ու ուսանողներն արդեն կարոտում են ձեզ եւ հույս են հայտնում, որ Ագրարայինի իրենց գործընկերները կշարունակեն այցելել Արցախ: Այս ամենի հարատեւությունը կարող ենք ապահովել միայն համագործակցությունը գործնական հունի մեջ դնելով եւ հետեւողականորեն շարունակելով», – նշեց պարոն Թոքմաջյանը:

Նա հավելեց, որ կրթական տեխնոլոգիաների առումով շատ բան կա սովորելու Ագրարային համալսարանից: Իսկ հետազոտությունների ոլորտում գործակցության տեսակետից պրոֆ. Թոքմաջյանը նշեց, որ լուրջ հեռանկարներ կան մի քանի ուղղություններով: «Անվտանգային եւ մի շարք այլ առումներով Արցախը մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունի, ուստի բարձրակարգ կրթությունը հրատապ անհրաժեշտություն է, մանավանդ՝ գյուղատնտեսության եւ ճարտարագիտական արդիական ենթակառույցների ստեղծման ուղղվածություն ունեցող կրթությունը: Այս առումով Ագրարային համալսարանի հետ մեր համագործակցությունը առաջնային նշանակություն ունի», – ասաց պարոն Թոքմաջյանը:

***

Ռեկտորատի նիստի բուն օրակարգի հարցերը 4-ն էին՝ մինչև 12 ակադեմիական կրեդիտային պարտք ունեցող ուսանողների քննաշրջանի կազմակերպում, բանակից զորացրված, ուսանողական իրավունքները վերականգնած ուսանողների համար մոդուլային առարկաների դասընթացների և քննությունների կազմակերպում, մագիստրատուրայում դասավանդող դասախոսների հավելավճարի սահմանում եւ առարկայական պարտքերի հանձնման բոլոր երեք հնարավորությունները սպառած ուսանողների առարկայական պարտքերի հանձնման թույլտվություն: Բոլոր հարցերի շուրջ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: Քննարկվեցին նաեւ ընթացիկ հարցեր:

Առարկայական պարտքերի վերաբերյալ նախ հակիրճ զեկուցեցին դեկանները եւ մասնաճյուղերի ղեկավարները՝ ներկայացնելով իրենց ստորաբաժանումներում առկա իրավիճակը չվճարած ուսանողների, պարտքերի, հանձնվելիք տարբերությունների, քննություններին չթույլտրված ուսանողների թվաքանակի վերաբերյալ:

Պարոն Մակարյանը, հիմնվելով նաեւ դեկանների հետ նախապես ունեցած քննարկումների վրա եւ հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, առաջարկեց ինտենսիվ աշխատանք կատարել ուսանողների հետ, որը հնարավորություն կտա մինչեւ սեպտեմբերի 30-ը հանձնել պարտքերը: Քննարկումից հետո դեկանները հավանություն տվեցին առաջարկին, հիմնավորելով, որ 15-20 օրը բավարար է թե վարձավճարների հետ կապված եւ թե առարկայական պարտք ունեցող ուսանողների հետ արդյունավետ աշխատելու համար:

Ռոբերտ Մակարյանը մինչև 12 ակադեմիական կրեդիտային պարտք ունեցող ուսանողների քննաշրջանի կազմակերպման հարցի առնչությամբ առաջարկեց անհատապես աշխատել ուսանողների հետ եւ անկախ ուսանողի կատեգորիայից (դասընթացն ուսամնասիրած՝ վճարած, ուսումնասիրած՝ չվճարած, չուսումնասիրած՝ վճարած եւ չուսումնասիրած՝ չվճարած) թույլ տալ, որ նույն ժամկետում հանձնեն կրեդիտային պարտքերը:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ դասընթացներն ուսումնասիրած եւ վարձավճարը մուծած ուսանողներին առնչվող խնդիրներ չկան: Մյուս ուսանողների համար պետք է ինտենսիվ հեռավար կամ առկա տարբերակով դասընթացներ կազմակերպել մինչեւ սեպտեմբերի 30-ը: «Ուսանողին հնարավորություն տալու պարագայում լրացումները չպետք է լինեն արհեստական, ընդ որում դրանց դիմաց դասախոսները վճարվելու են, մնում է հետեւողականորեն կազմակերպել գործընթացը», – նշեց պարոն Ուռուտյանը:

Մոդուլային առարկաների դեպքում առաջացած տարբերությունների առումով որոշվեց մեկ մոդուլի մեջ ներառված առարկաների երկու երրորդից ավելին ուսումնասիրելու դեպքում տարբերություն չհաշվել: Ինչպես ռեկտորը նշեց, այս մոտեցումը որդեգրվել է միջազգային եւ ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի փորձի հիման վրա. հասարակագիտական մոդուլում թողնվել են եղած առարկաները, որոնք տարբեր կշիռներ ունեն, սակայն դիպլոմում նշվում է մեկ գնահատական՝ թեստերի արդյունքների հիման վրա:

Պարոն Մակարյանը լավ լուր ուներ մագիստրատուրայում դասավանդող դասախոսների համար, որոնց լսարանային ժամավճարը որոշվել է ավելացնել 1000 դրամով:

Ընթացիկ հարցերի թվում քննարկվեց ՀԱԱՀ-ի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հարցը, որոնց մեջ առանցքային իրադարձություններից են ուսանողական ֆակուլտետային եւ ամփոփիչ գիտաժողովներն ու ՀԱԱՀ-ի ամենամյա միջազգային գիտաժողովը: