Միջին մասնագիտական կրթությունը կարեւորված է

Armen Aghasaryan

Վերջին տարիներին նկատելի է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ քոլեջների դերի ու վարկանիշի բարձրացումը: Եւ բնական է, հասկանալի. ավագ դպրոցի հանրակրթական ծրագրերի հետ միասին այստեղ հնարավոր է նաեւ մասնագիտություն ընտրել եւ առաջին՝ էական քայլերն անել այդ ուղղությամբ: Իսկ լավ սովորելու դեպքում բաց են նաեւ բակալավրիատի, մագիստրատուրայի դռները՝ սովորիր, խորացիր մասնագիտությանդ մեջ որքան կամենաս:

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ այս տարի ընդունվել է 227 երիտասարդ: Եթե հաշվի առնենք կորոնավիրուսի հետեւանքով աննախադեպ բարդ իրավիճակը, արդյունքը վատ չէ: Ակնհայտ է, որ այս նոր սերունդը եւս հիմնականում նախընտրում է տնտեսագիտական մասնագիտությունները: Օրինակ, որքան էլ ցավալի է, թափուր են մնացել հողաբարելավում մասնագիտության համար նախատեսված տեղերը. մասնագիտություն, գործունեության ոլորտ, որ շատ կարեւոր է երկրի տնտեսության համար, մասնագետն էլ՝ աշխատաշուկայում փնտրված:

Մեզ հետ զրույցի ընթացքում քոլեջի տնօրենը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Աղասարյանը, իրեն բնորոշ համեստությամբ, ասում է. «Եղածով գոհանալու եւ բավարարվելու իրավունք չունենք, անելիքներ շատ կան: Պետք է անընդհատ, ուղիղ աշխատել դպրոցահասակների հետ: Պետք է իրազեկել, որ նրանք տեղյակ լինեն մասնագիտական կրթություն ստանալու այս շատ լավ հնարավորության մասին: Անցյալ տարի մի քանի անգամ բաց դասեր կազմակերպեցինք: Ծնողները ներկա էին: Նրանք հնարավորություն ունեին իրավիճակին ներսից ծանոթանալու: Նրանք այստեղից հեռանում էին գոհունակությամբ»:

Հուսանք, որ քոլեջում երեխաների ու ծնողների հետ անմիջական շփման հնարավորությունը շուտով նորից կձերբազատվի համավարակով պայմանավորված սահմանափակումներից:

Որեւէ ուսումնական հաստատության լավագույն բնորոշումը, բարձր արդյունքների ցուցանիշն ու գովազդը հաջողության հասած շրջանավարտների կայացած փաղանգն է ու նրանց ծնողները, որոնք սիրով ու բաց ճակատով կպնդեն ամենուր՝ «Զավակներս ավարտեցին Ագրարայինը՝ ամենաժամանակակից ու լավ կրթություն տվող համալսարանը մեր երկրում…»:

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը Ագրարայինում կրթությունը շարունակելու լավագույն ուղիներից մեկն է: