Նոր գործնական գրականություն TOPAS-ի շրջանակում

Ինչպես հայտնի է, ՀԱԱՀ-ում շարունակվում է կարողությունների զարգացմանը միտված TOPAS Էրազմուս+ միջազգային ծրագիրը, որի հիմնական գործողությունների ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։

Ծրագրի շրջանակում կատարվել են բազմաթիվ գործողություններ, որոնք իրենց ներդրումն են ունեցել նոր ոճի կրթական միջավայրի ստեղծման գործում։ Այսպես, 30-ից ավելի դասախոսներ վերապատրաստվել են ուսանողակենտրոն դասավանդման ուղղությամբ, այդքանն էլ՝ ագրարային ոլորտում տվյալների հավաքման, բազաների ստեղծման և վերլուծության ոլորտում։ Տասներկու ուսանողներ և 6 դասախոսներ վերապատրաստվել են եվրոպական գործընկեր համալսարաններում, ՀԱԱՀ-ում բացվել է տվյալների մշակման և վերլուծության համար նախատեսված լսարան և այլն։

Վերջերս TOPAS-ի շրջանակում համալսարանն ունեցավ ևս մեկ ձեռքբերում։ Հարդյունս մի քանի ամիս տևած աշխատանքների՝ թարգմանվեց և արդեն հայերենով հասանելի է «Կով և հորթ» ուսումնական ձեռնարկը։ Այստեղ մատչելի լեզվով նկարագրվում են այն հիմնական փոփոխությունները, որոնք կարող են նկատվել կովերի կամ հորթերի շրջանում՝ խնամքի ու պահվածքի ընթացքում, եւ յուրաքանչյուր ախտանշանին համապատասխան տրվում են դրա առաջացման հնարավոր պատճառները, այն անհետաձգելի միջոցառումները, որոնք պետք է անմիջապես կիրառվեն և կանխարգելման միջնաժամկետ ու երկարաժամկետ միջոցառումները։

Անխոս, նման բովանդակությամբ և նյութի նման մատուցմամբ ձեռնարկը օգտակար ու հետաքրքիր կլինի ոչ միայն մասնագետների և ուսանողների համար, այլև ֆերմերային տնտեսությունների՝ ոլորտի մասնագիտական կրթություն չունեցող աշխատողների համար։ Դրան էապես նպաստում է նյութի մատչելի լեզուն, որը զուրկ է շատ խորը մասնագիտական եզրույթներից ու վերլուծություններից, սակայն կարողանում է ընթերցողին հասանելի դարձնել ամբողջական տեղեկությունը՝ նաեւ նկարագրվող ախտանշաններին ուղեկցող բազմաթիվ նկարների, ինչպես նաև կանխարգելիչ և բուժիչ գործողությունների իրականացումը նկարագրող աղյուսակների օգնությամբ։

Մինչև այժմ գերմաներենով եւ ռուսերենով հասանելի ձեռնարկի հեղինակներն են դոկտոր Զիգֆրիդ Քալխռոյթերն ու Ֆրիդրիխ Շտամպը։ Նրանց թույլտվությամբ ձեռնարկը թարգմանվեց հայերեն և այն այժմ մեր գրադարանում է։

Անհրաժեշտ է նշել այն աշխատատար գործը, որը կատարել է թարգմանչական թիմը՝ ՀԱԱՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանի ղեկավարությամբ։ ՀԱԱՀ-ի TOPAS-ի թիմն իր շնորհակալությունն է հայտնում նաև մեր համալսարանի շրջանավարտ ու վաղեմի բարեկամ, Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի Միջազգային ագրարային մենեջմենթ կրթական ծրագրի գիտաշխատող Արամ Արիստակեսյանին՝ ձեռնարկի հայերեն տարբերակի նախաձեռնողին և կազմողին։ Հուսանք, որ ձեռնարկն իր ըստ արժանվույն կգնահատվի մեր կրթական միջավայրում, և ապագայում ևս կունենք համանման արժեքավոր գրքեր։

Գարեգին Համբարձումյան

Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ՀԱԱՀ-ում TOPAS ծրագրի համակարգող