Կենսաբան մոր ու ֆիզիկա-մաթեմատիկայի ուսուցիչ հոր միջեւ սքողված, բայց խանդոտ-համառ պայքար կար երեխաներին գայթակղելու հարցում: Ավագ դուստրն արդեն գնացել էր մոր հետքերով փայլուն սովորում էր Ագրարայինի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում (Սուսաննա Պետրոսյանի մասին արդեն պատմել ենք այս նույն խորագրի ներքո): Կրտսեր դուստրը՝ Սվետլանան, որոշեց «չնեղացնել» հայրիկին՝ դիմեց նույն բուհի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ:
Հիմա պահածոյացման բաժնի բոլոր մասնագիտական առարկաները նա է դասավանդում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում:
-Լսարան մտնելիս առաջին խոսքը, որ ասում եմ սաներիս, հետեւյալն է՝ կարեւորը լավ մարդ լինեք ու անսահման նվիրվեք գործին, սիրեք ձեր ընտրած մասնագիտությունը:
Եւ ուսանողները սիրում են իրենց ուսուցչին եւ ընտրած ոլորտը, շատերը քոլեջից հետո գալիս են կրթությունն ավելի խորացնելու Սվետայի համար անսահմանորեն հարազատ ՀԱԱՀ-ում:
Ի դեպ, կրթության շարունակականության՝ ցկյանս կրթության մասին: Սվետլանան անդադար աշխատում է մասնագիտական որակները բարձրացնելու ուղղությամբ: Օրինակ, վերջերս մասնակցեց օրգանական գյուղատնտեսության դասընթացներին: Նորի, ժամանակակից տեխնոլոգիաների մասին նա պետք է անպատճառ իմանա, որ փոխանցի նաեւ եկողներին:
Ագրարայինը նաեւ անձնական երջանկության անկյունաքարը դարձավ: Ամուսինն էլ՝ Աշոտը, ագրոֆակի շրջանավարտ է, հիմա պատրաստվում է մագիստրոսի աստիճան ստանալ ագրոէկոնոմիկա մասնագիտությամբ: Ընդհանրապես, ՀԱԱՀ-ի շրջանավարտներ են Աշոտի հայրը, քույրը:
Կենսատեխնոլոգիական թեքումով մանկավարժների ընտանիքում մեծացող ուշիմ-խելացի երեխաներն էլ խաղի պահին անգամ միշտ ուսուցչի դերում են: Երեւի բնական է, անխուսափելի, օրինաչափ։