ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի փոխնախագահ Հովիկ Եորդեկյանը օգոստոսի 16-ին այցելել են ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն՝ ծանոթանալու Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ եւ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի գրասենյակի ֆինանսավորմամբ ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում առանձնացված փորձացուցադրական դաշտում գարնանը մեկնարկած նախագծի ընթացքին։ Նրանց ուղեկցում էին Կարաս վայնս ընկերության ագրոնոմ-ինժեներ Մանուել Գոմեսը, ՀԲԸՄ Հայաստանի ֆինանսական տնօրեն Լենա Բաղդասարյանը եւ փորձացուցադրական դաշտի պատասխանատու Լիլիթ Սիմոնյանը։
Երկու հեկտար զբաղեցնող փորձացուցադրական դաշտի հիմնման նպատակը նորարարական տեխնոլոգիաների արդյունավետւթյունը ֆերմերներին եւ ուսանողներին ցուցադրելն է։ Նախագծի շրջանակում արդեն կատարվել է բավականին մեծ ծավալի աշխատանք․ կառուցվել են ոռոգման ջրի ամբարը, ջրհան պոմպակայանը, ոռոգման կառավարման համակարգը, տեղադրված են ջրագծերը եւ իրականացվում է վարունգի փորձնական մշակում, որով էլ ամբողջանում են ներդրված նորագույն տեխնոլոգիան եւ այլընտրանքային մեթոդները։ Ըստ Լիլիթ Սիմոնյանի, նախագիծը հետագայում կօգնի տարածաշրջանի ֆերմերներին՝ բարձրացնել արտադրության արդյունավետությունը իրենց տնտեսություններում, կնպաստի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության զարգացմանը եւ Ագրարային համալսարանի՝ որպես նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաների կենտրոնի կայացմանը:
Ոսկեհատի փորձացուցադրական դաշտը Ագրարային համալսարանի ուսանողների համար երկրագործության մեջ ժամանակակից տեխնոլոգիաներին հաղորդակցվելու` գիտականորեն հիմնավորված առաջին փորձն է։ Այստեղ ստացած նորագույն գործնական գիտելիքներն ապագա մասնագետը կտանի արտադրություն։