Հայկական հարցը լուծվելու է նաեւ դաշտերում ու ուսանողական լսարաններում․ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ապրիլի 24-ի առթիվ

Հանճարեղ գրող եւ մինչեւ այսօր իր գաղափարների արդիականությունը չկորցրած մեծատաղանդ գյուղատնտես Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի եղեռնապուրծ հերոսը առվույտի արտն է ջրում։ «Ես լսում եմ, թե ինչպես առվի ավազի մեջ զրնգում է նրա ծանր բահը։ Իսկ երբ բարձրացնում է բահը, արևը լուսավորում է բահը և թվում է, թե ջրվորի ուսին բռնկված ջահ է»։

Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի, ոգեկոչման օրը միաժամանակ համայն հայության միասնության, մեր ազգային, մշակութային, գիտական ու կրթական ինքնության վերահաստատումն ու արդիականացումը հայտանշող օր է։

Ապրիլի 24-ը նաեւ հայրենիքը շենացնելու հրամայականը նորովի իմաստավորելու օր է։ Այս առումով գյուղատնտեսությանն է վերապահված վճռական դերը։ Ագրարային համալսարանը, որը ստանձնել է բարեփոխումների առաջամարտիկի դերը թե´ գյուղատնտեսության եւ թե´ կրթության ոլորտներում, հենց այն վայրն է, որտեղ նոր սերունդը սովորում է բահը գործածել որպես զարգացման ուղի հարթող ջահ։

Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ կազմը, ուսանողները այս տարի, թագավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության բերումով, Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքը չեն կարող մատուցել ավանդական ձեւով՝ այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Սակայն մենք Եղեռնի 105-րդ տարելիցը կնշանավորենք մեր նախնիների հիշատակը արթուն պահելով մեր սրտերում ու մեր խոհերում եւ արժեւորելով այն մեր գործերով։

Ուրեմն՝ ի գործ։ Համոզված եմ, որ Հայկական հարցը լուծվելու է նաեւ հայրենի դաշտ ու այգիներում, լաբորատորիաներում, արտադրամասերում եւ ուսանողական նստարանների մոտ։