Մեր ուսանողուհին առաջնագծում է

Նախքան ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանող դառնալը Սոնա Գրիգորյանը սովորել է Բժշկագիտական քոլեջում: Ինչպես իր դասախոսներն են բնութագրում՝ ժրաջան, պրպտուն մտքով, հետաքրքրասեր ուսանողուհի է: Այդպիսին է եղել քոլեջում, այդպիսին է նաեւ այստեղ՝ համալսարանում։

Սոնան միշտ առջեւում է՝ բուն ուսումնառության գործընթացում, Ուսանողական գիտական ընկերության զեկուցումներում, կենդանաբանական այգում եւ անասնաբուժական կլինիկայում փորձուսուցումների ժամանակ: Ի դեպ, ուսումնառությունը հաջողությամբ համատեղում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում աշխատանքի հետ:

Հիմա նա եղբոր՝ Օհանի հետ առաջնագծում է: Օհանը «Ապրիլյանին» ճակատում էր: Հիմա էլ այստեղ՝ այս ապրիլին, աշխարհն ու երկիրը պատուհասած թագավարակի դեմ պայքարի առաջնագծում են եւ այնտեղ կմնան առնվազն մինչեւ հունիսի սկիզբ:

Փորձության այս օրերին, ի դեմս մեր սիրելի Սոնայի, մեր սերն ու զորակցությունն ենք հայտնում Ագրարային համալսարանի  ներկա ու նախկին բոլոր ուսանողներին, ովքեր իրենց մարդկային ու մասնագիտական պարտքն են կատարում համավարակի դեմ պայքարի առաջնագծում։